Մեր Տէր Յիսուս Քրիստոսի` Երուսաղէմ յաղթական մուտքի տօնը` Ծաղկազարդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակուել է իբրեւ մանուկների օրհնութեան օր:
Մարտի 25-ը մարդաշատ էր համայն հայութեան հոգեւոր կենտրոնում: Վաղ առաւօտեան Հայաստանի տարբեր բնակավայրերից ծնողների առաջնորդութեամբ բազում մանուկներ արդէն ժամանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութիւնն ու բարեմաղթանքները:
Առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի առջեւ տեղի ունեցաւ Անդաստանի արարողութիւն, որի ընթացքում հոգեւոր դասն օրհնեց աշխարհի չորս կողմերը:
Վերջում Նորին Սրբութիւնը տօնի առիթով իր օրհնութիւնը բաշխեց ներկայ մանուկներին: Տէրունական աղօթքից յետոյ Վեհափառ Հայրապետը մանուկներին խաչեր ընծայեց, ներկայ ժողովրդին բաժանուեցին ուռենու օրհնուած ճիւղերը:
Արարողութիւնից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ այցելած Տաւուշի թեմի մի խումբ մանուկների հետ` ուղեկցութեամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի: Տաւուշցիները Գարեգին Բ Կաթողիկոսին ընծայեցին ձիթենու ճիւղեր եւ իրենց ձեռքի աշխատանքները:
Նորին Սրբութիւնը, հայրական իր օրհնութիւնը բերելով պատանիներին, նրանց նուիրեց խաչեր եւ մաղթեց, որպէսզի Աստծոյ սէրն ու շնորհները մշտապէս առատ լինեն հայ մանուկների կեանքում եւ ապրեն խաղաղ ու երջանիկ: