Այսօրվա Թուրքիայի Հանրապետության կենտրոնական մասում, Երզնկայի նահանգում, Արևմտյան Եփրատ (Կարասու) գետի աջ ափին, Տավրոսյան և Անտիտավրոսյան լեռնաշղթաների միջև, Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին գտնվող Ակն քաղաքը անցյալում եղել է Խարբերդի վիլայեթի կազմում և նշանակալի դեր է ունեցել հայոց պատմության մեջ։ Այն հայտնի էր իր ժողովրդական երգերով, անտունիներով, տաղերով։ 19-րդ դարի վերջերին Ակնում գործում էին ազգային մի քանի ընկերություններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամյան և Նարեկյան)։ 1870 թվականից Ակնում լույս են տեսել «Ծաղիկ», «Եփրատ», «Մտրակ» թերթերը։ 1873 թվականին այստեղ ներկայացվել է «Սուրբ Մեծն Ներսես» պիեսը։
Ակնում գործել են հայկական վարժարաններ, հայ վարպետների արհեստանոցներ, հարուստ է եղել եկեղեցիներով ու վանքերով:
Քաղաքը հայտնի է եղել իր հայ ոսկերիչներով ու արծաթագործներով:
Լուսանկարում՝ Ակնում պատրաստված հարսանեկան արծաթե գոտի: Պատկանել է Ալմաս Քապուլյանին: Նրա մահից հետո գոտին պահել է հարսը՝ Ռոզա Քապուլյանը՝ Գեղամ Քապուլյանի կինը, որ հետագայում իր հետ տարել է ԱՄՆ: Ներկայումս գոտին նրանց ընտանեկան ժառանգությունն է և պահվում է Քապուլյանների ընտանեկան հավաքածուի մեջ՝ Վաշինգտոնում:
Լուսանկարի աղբյուր՝ «Հուշամատյան»