Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, ի թիվս բազմաթիվ կազմակերպությունների, որոնք այս օրերին աջակցում են արցախցիներին, նույնպես իր օգնությունն է բերում մեր հայրենակիցներին: Տեղեկացանք, որ ընկերությունը համագործակցում է Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի համայնքապետարանների, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ։
Կազմավորվել է աշխատանքային խումբ՝ օգնության աշխատանքները համակարգելու նպատակով։
Ընկերության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համակարգող մարմինների հետ և տեղում մասնակցում են տեղահանված անձանց ընդունման կետերի օպերատիվ աշխատանքներին։
Ֆինանսական, դեղորայքի, սնունդի, տրանսպորտային միջոցների տրամադրումը ԶՊՄԿ կողմից շարունակական է և իրականացվում է Սյունիքի մարզպետարանի հետ ամենժամյա կոորդինացիայով՝ ըստ պահանջի և անհրաժեշտության։
Կազմավորվել է ԶՊՄԿ կամավորների խումբ՝ ըստ անհրաժեշտության տեղում համակարգված աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ հետագա կարիքները գնահատվելուն համընթաց պատրաստ է ցուցաբերել այլ անհրաժեշտ աջակցություն։
Ի դեպ, այս նախաձեռնությունը առաջինը չէ. նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլբդենային կոմբինատը արցախյան նախորդ պատերազմներին նույնպես բազմապիսի աջակցություն է ցուցաբերել թե՛ պատերազմի մասնակիցներին, թե՛ զոհվածների ընտանիքներին, թե՛ արցախցիներին ու տեղահանվածներին: