Այսօր վաղ առաւօտեան ՀՀ մարդու իրաւունքներու պաշտպանին ներկայացուած են ահազանգեր այն մասին, որ այս գիշեր ժամը 12-էն 1-ի սահմաններուն ատրպեճանական զինուած ուժերը կրակոցներ արձակած են Սիւնիքի մարզի Արավուս գիւղի ուղղութեամբ: Այս մասին իր դիմատետրեան էջին յայտնած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:
«Այս տեղեկութիւնները Մարդու իրաւունքների պաշտպանին հաստատել են գիւղի բնակիչները եւ պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակուել նաեւ ՀՀ զինուած ուժերի դիրքերի վրայ:
Խօսքն Արավուս գիւղի այն հատուածի մասին է, որտեղ ատրպեճանական զինուած ուժերը տեղակայուած են քաղաքացիական տներից մի քանի հարիւր մեթր հեռու:
Նրանց անմիջապէս դիմաց են տեղակայուած ՀՀ զինուած ուժերը, որոնք կատարում են բնակիչների կեանքն ու անվտանգութիւնը պաշտպանելու գործառոյթ:
Ըստ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի հաւաքագրած փաստերի` ատրպեճանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային ջոկատի եւ ՌԴ սահմանապահ ծառայութեան հրամանատարութեան ժամանումից յետոյ:
Արավուս գիւղի ուղղութեամբ ատրպեճանական այս գիշերուայ կրակոցները յանցաւոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կեանքն ու անվտանգութիւնը:
Այս փաստերն ապացուցում են, որ ատրպեճանական զինուած ուժերի ներկայութիւնն ինքնին ՀՀ գիւղերի անմիջական հարեւանութեամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին մարդկանց կեանքի իրաւունքի խախտում է: Նրանք խախտում են նաեւ մարդկանց սեփականութեան, ազատ տեղաշարժի եւ միւս կենսական իրաւունքները:
Ակնյայտ է, որ մարդկանց իրաւունքները հնարաւոր կը լինի ապահովել միայն անվտանգութեան գօտու պայմաններում»,- գրած է ան: