image

70 տարի առաջ Ստալինի թաղման օրը հարյուրավոր մարդիկ զոհվեցին. Պատմության այս օրը

70 տարի առաջ Ստալինի թաղման օրը հարյուրավոր մարդիկ զոհվեցին. Պատմության այս օրը

70 տարի առաջ այս օրը հուղարկավորվեց մեր ժամանակների նշանավոր բռնապետերից մեկը՝ խորհրդային կուսակցական, քաղաքական եւ զինվորական գործիչ, Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը:

Նրա հուղարկավորության օրն այնքան մարդ էր հավաքվել, որ հրմշտոցի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Բռնապետը, որ իր կենդանության օրոք բազմաթիվ զոհերի պատճառ էր դարձել, մահից հետո նույնիսկ իր հետեւից տարավ հարյուրավոր մարդկանց:

Այդպես էլ պարզ չէ, թե ինչո՞ւ էին մարդիկ, միմյանց հրմշտելով ուզում վերջին անգամ տեսնել մի մարդու, որ իրականացրել էր զանգվածային բռնաճնշումներ, էթնիկական զտումներ, զանգվածային տեղահանություններ, մահապատիժներ, երկրում հիմք էր դրել անձի պաշտանմունքի, վախի եւ ամբողջատիրական համակարգի: Նրա հուղարկավորությանը մասնակցում էր ոչ միայն ողջ Մոսկվան, այլեւ՝ բազմաթիվ մարդիկ՝ Խորհրդային Միության երկրներից: Ըստ վկայությունների, նրանք բոլորն էլ լացում էին:  Տարբեր տեղեկություններով, այդ օրը, իրարանցման հետեւանքով զոհված մարդկանց թիվը 100-ից մինչեւ 1000 էր հասնում: Խորհրդային համակարգը թաքցնում էր ոչ միայն թվերը, այլեւ՝ թաքցրել էր նաեւ նրա մահը, որի մասին մարդիկ իմացան մեկ օր հետո: 

1953 թվականի մարտի 1-ին Իոսիֆ Ստալինը, որը գտնվում էր Կունցեւոյի ամառանոցում (Մոսկովյան շրջանում Ստալինի նստավայրերից մեկում), հայտնաբերվել է պահակախմբի աշխատակից Լոզգաչյովի կողմից՝ փոքր ճաշասենյակում, գետնին ընկած։

Մարտի 2-ի առավոտյան ամառանոց են ժամանել բժիշկները եւ ախտորոշել մարմնի աջ կողմի կաթված։ 1953 թվականի մարտի 4-ին հայտարարվել է Ստալինի հիվանդության մասին, ռադիոյով փոխանցվում էին հաղորդումներ նրա առողջության մասին․ հիշատակվում էին ծանր վիճակի տարբեր հատկանիշներ, ինչպիսիք են՝ գիտակցման կորուստը, կաթվածը եւ այլն:

Մարտի 5-ին, ժամը 21։50-ին Ստալինը մահանում է եւ նրա մահվան մասին հայտարարվում է ռադիոյով՝ 1953 թվականի մարտի 6-ին, առավոտյան ժամը 6-ին։ Բժշկական եզրակացության համաձայն, Ստալինը մահացել է ներուղեղային արյունազեղմումից։

Մարտի 6-9-ին մարդիկ հրաժեշտ են տվել Ստալինին, ամբողջ երկրում չորսօրյա սուգ է հայտարարվել։ Մահացածի դագաղը տեղադրվել է Միությունների տանը։ Թաղման արարողությունը տեղի է ունեցել մարտի 9-ին։

Սկզբում Ստալինի մարմինը չէին հանձնել հողին, այլ ամփոփել էին Կարմիր հրապարակի Լենինի դամբարանում (այն սկսվեց կոչվել Վ. Լենինի եւ Ի. Ստալինի դամբարան)։ Սակայն Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին՝ 1961 թվականի հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նրա դին գաղտնի հանվեց դամբարանից եւ թաղվեց Կրեմլի պատի պանթեոնում։

Ստալինի մահվան մասին կան մի քանի ոչ պաշտոնական վարկածներ, այդ թվում՝ նրա շրջապատի կողմից անբնական մահ առաջացնելը: