2015 թ. ավարտին թուրքական համացանցային կայքերից մեկն այդ երկրի յոթ՝ «Ալեֆ», «Բելգե», «Ջան», «Դիփնոթ», «Գյունըշըղը», «Իլեթիշիմ», «Իսթոս» և «Մեթիս» տպագրատների շրջանում հարցում անցկացրեց. «2015 թ. ձեր տպագրատանը հրատարակված ո՞ր երեք գրքերի հանդեպ է ընթերցողն առավել մեծ հետաքրքրություն դրսևորել՝ գերազանցելով ձեր սպասելիքները»1: «Դիփնոթ» տպագրատան նշած գրքերի շարքը գլխավորում էր մեր կողմից գրախոսվող Քադիր Աքընի հեղինակած «Հայ հեղափոխական Փարամազը» գիրքը: Հատկանշական է, որ 2015 թ. Թուրքիայում լույս տեսան նաև մի շարք այլ գրքեր, հրապարակվեցին բազմաթիվ հոդվածներ, որոնք ամենատարբեր տեսանկյուններից անդրադառնում էին հայերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը2: Դրանց թվում, այդուհանդերձ, առանձնա- հատուկ ուշադրության է արժանի Ք. Աքընի՝ ընթերցողների շրջանում կարճ ժամանակահատվածում ճանաչում գտած եռագլուխ աշխատությունը, որը պայմանավորված էր ոչ այնքան հեղինակի՝ թուրքական հասարակությանը հայտնի լինելու փաստով, որքան նրա բծախնդիր աշխատասիրությամբ և հետևողականությամբ3։
Թուրքական հասարակությանը քաջածանոթ քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս Ք. Աքընը ծնվել է 1957 թ. Քոջաելիում, 16 տարեկանից մասնակցել հակակառավարական բողոքի գործողությունների և ցույցերի, իսկ 19 տարեկանում Ստամբուլի դատարանը նրան հետախուզում է հայտա- րարել։ Իշխանությունների կողմից նա շարունակ ենթարկվել է բռնաճնշում- ների, 1982 թ. ընկերոջ հետ բանտարկվել է և ազատ արձակվել 1988 թ.։ 1990
1 Sekiz Yayınevinin 2015'teki Sürprizli 24 Kitabı, BİA Haber Merkezi, 02.01.2016, http://bianet.org/biamag/kultur/170721-sekiz-yayinevinin-2015-teki-surprizli-24-kitabi [հա-
սանելի էր 20.02.2016]:
2 Օրինակ, վերոնշյալ հարցմանը մասնակցած մեկ այլ՝ «Ալեֆ» տպագրատան ներկայաց- րած երեք գրքերի ցանկը գլխավորում էր Նուրան Աքքայայի «Հայեր» աշխատությունը (Akkaya N., Ermeniler, İstanbul, 2015)։
3 Ք. Աքընն օգտագործել է շուրջ 60 սկզբնաղբյուր, իսկ արխիվային տարբեր փաստա-
թղթեր օգտագործելու համար որոշ ժամանակ անցկացրել է Բեյրութում։
թ. քրդական հարցի վերաբերյալ ունեցած ելույթի պատճառով նա կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում: Մինչև նրա դեմ հարուցված քրեական գործի կարճումը նա շուրջ երկուսուկես տարի ստիպված է եղել ապրելու Շվեյցարիայում։
Ք. Աքընը 1994 թ. ստեղծված Միացյալ սոցիալիստական կուսակցության համահիմնադիրներից է, նաև Ժողովուրդների դեմոկրատական և Վերա- կազմյալ սոցիալիստական կուսակցությունների հիմնադիրներից։ Նա հեղի- նակել է բազմաթիվ հոդվածներ, թղթակցել տարբեր հանդեսների, լրատ- վական գործակալությունների, 25 այլ հեղինակների հետ մեկտեղ հոդված տպագրել նաև «Ամոթ և պատիվ. 1915-2015՝ Հայոց ցեղասպանության 100- ամյակը» գրքում1, հրատարակել «Սոցիալիզմի ճգնաժամը. միասնություն և վերակազմավորում»2 աշխատությունը3։
Հայ ազատագրական շարժման գործիչ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, գրող Փարամազի (Մատթեոս Սարգսյան) (1863-1915) հանդեպ Ք. Աքընի հետաքրքրությունը հասկանալի է4։ Լինելով նրա գաղափարակիցը՝ սոցիալիստական գաղափարախոսության նվիրյալ հեղինակը մերթընդմերթ հանդիպել է Փարամազի գործունեությանը վերա- բերող տարբեր նյութերի, բայց հայ ազատագրական շարժման ներկայացուց- չի գործունեությունը ավելի խորն ուսումնասիրելու ցանկությունը առաջա- ցել է 2013 թ.՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ5։ Այդ մասին ակնարկում է նաև ինքը 2015 թ. փետրվարի 16-ին (էջ 11-13)։
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հեղինակը սկսում է ավելի կենտրոնանալ Փարամազի և նրա ընկերների գործունեու- թյան վրա։ 2015 թ. խորհուրդը և այդ կապակցությամբ ինչ-որ բան ասելու պարտավորվածությունն են կարծես Ք. Աքընին ստիպել ձեռնամուխ լինելու սույն գրքի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով
1 Տե՛ս Çubukçu A., Hakkı Zariç C., Onaran N., Öztürk O. (hzr.), Utanç ve Onur 1915 - 2015 Ermeni Soykırımı’nın 100, Yılıl, 2015, s 109-134.
2 Տե՛ս Akın K., Sosyalizimin Krizi: Birlik ve Yeniden Kuruluş, İstanbul, 2012.
3 Կենսագրական տվյալները սույն գրախոսության հեղինակներիս փոխանցել է Քադիր Աքընը՝ մեզ հետ անձնական զրույցի ժամանակ [05.01.2016]:
4 Նրա մասին տե՛ս Պողոսյան Հ., Փարամազ, Երևան, 1992։
5 2013 թ. ամռանը այստեղ տեղի ունեցած հակակառավարական խոշոր ընդվզումը ցնցեց Թուրքիայի ներքաղաքական կյանքը։ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում հակակառավարական ելույթները ճնշվեցին ներքին անվտանգությունը պահպանող կառավարական ուժերի կողմից։ Ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով վիրավորվեցին հազարավոր մարդիկ, զոհվեցին շատերը, որոնց թիվը ճշգրտված չէ մինչ օրս։ Այս մասին մանրամասն տե՛ս Göle N., Gezi – Anatomy of a Public Square Movement // Insight Turkey, vol. 15, n° 3, p. 7-14, Yardımcı-Geyikçi Ş., Gezi Park Protests in Turkey: A Party Politics View // The Political Quarterly, vol. 85, n° 4, p. 445-453:
կառուցվածքային և թեմատիկ առումներով որոշակի փոփոխություններ է կրել։
Հեղինակը չի սահմանափակվում միայն հայազգի հնչակյան գործչի կեն- սագրության և գործունեության լուսաբանմամբ, այլև փորձում է հնարավո- րինս ամբողջական անդրադարձներ կատարել Հայոց ցեղասպանության պատմությանը. «Ես ժամանակի հետ մրցում էի, որովհետև ցանկանում էի այս աշխատանքը ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի սկիզբը համարվող ապրիլի 24-ին։ Արդյունքում կարողացա ցանկությունս իրականության վերածել, բայց նաև գիտակցում եմ, որ կան որոշ թերու- թյուններ, և գիտեմ, որ թեման, որին նվիրված է այս աշխատանքը, պահան- ջում է ավելի համապարփակ ուսումնասիրություն» (էջ 13)։
Այս գրքի ստեղծման ևս մեկ դրդապատճառ կարող է համարվել Թուր- քիայում առաջին սոցիալիստ գործչի անվան հետ կապված տարակարծու- թյունների ծավալումը։ Լինելով սոցիալիստական գաղափարախոսության նվիրյալ՝ Ք. Աքընը խիստ կարևորում է այս հարցը, ինչը լիովին տրամաբա- նական է. նա չէր կարող չանդրադառնալ այս թեմային, երբ, փաստորեն, բա- ցահայտել էր մի ճշմարտություն, որն արհամարհվում է Թուրքիայում։ Ըստ թուրքական տեսակետի՝ այդ երկրում առաջին սոցիալիստ գործիչը համար- վում է Մուստաֆա Սուփհին1, այնինչ 2015 թ. «Թարաֆին» տված հարցա- զրույցում Ք. Աքընը փաստում է, որ Օսմանյան կայսրությունում սոցիալիս- տական գաղափարախոսության առաջին նվիրյալը եղել է Փարամազը։ Լրա- գրողի՝ «Թուրքիայում մշտապես ասվում է, որ երկրում սոցիալիստական շարժման սկիզբը կապված է Մուստաֆա Սուփհիի անվան հետ, բայց Դուք պնդում եք, որ նրանից առաջ ևս մարդ է եղել» հարցին Աքընը տվել է հե- տևյալ պատասխանը. «Այո՛, անտարակույս։ Սկսելով ուսումնասիրությունը՝ ընկղմվեցի պատմության փոշոտ դարակներում մնացած մի ժամանակա- հատվածի մեջ։ Երբ Բեյրութում էի՝ ուսումնասիրության նպատակով, այն- տեղի արխիվային փաստաթղթերում հանդիպեցի պատմական մի մոռաց- վող ժամանակահատվածի, որի մասին տեղյակ չէ գրեթե ոչ ոք։ Սրա պատ- ճառն այն է, որ մենք գիտեինք, թե Թուրքիայում սոցիալիստական շարժումը սկսվում է 1921 թ. Սև ծովում սպանված Մուստաֆա Սուփհիով»2։
Գրքի առաջաբանում առավել մանրամասն անդրադարձ է կատարվում սոցիալիստական գաղափարախոսությանը, Թուրքիայում՝ դրա պատմու- թյանը, սոցիալիստ գործիչների հանդեպ իրականացված բռնաճնշումներին՝ Փարամազից ընդհուպ մեր օրերը։ Պատահական չէ, որ առաջաբանի հեղի- նակը ոչ թե Ք. Աքընն է, այլ Թուրքիայում սոցիալիստական շարժման նշա-
1 Նրա մասին տե՛ս Yıldırım K., Osmanlı Sosyalist Hareketi İçinde Mustafa Suphi: Hayatı ve Fikirleri, Sosyoloji Dergisi, cilt 3, sayı 28, s. 101-121:
2 Türkiye Sosyalist hareketi Paramaz’la başlıyor, Taraf, 26.04.2015, http://www.taraf.com.tr
/turkiye-sosyalis-hareketi-paramazla-basliyor/ [հասանելի էր 20.02.2016]:
նավոր գործիչ Մահիր Սայընը, որը 1970 թ. «Թուրքիայի ժողովրդի փրկու- թյուն» ճակատ-կուսակցության հիմնադիրներից է։ Գրքում պարբերաբար ակնարկվում է, որ Փարամազի գործունեությունը շատ բաներով նման է ժամանակակից Թուրքիայում քրդերի իրավունքների համար մարտնչող գործիչների պայքարին։
Ընդհանրապես հարկ է արձանագրել, որ հեղինակը ցանկացել է զուգա- հեռներ անցկացնել մեր օրերի Թուրքիայի, մասնավորապես այդ երկրի քրդերի և հարյուր տարի առաջ հայերի առջև ծառացած խնդիրների միջև։ Առաջաբանում այս մասին հստակ նշում է նաև Մահիր Սայընը. «Ստամ- բուլի դատարանում հնչեցրած Փարամազի խոսքը շատ նման է այսօրվա Քրդստանի անկախության համար կռիվ մղող մարդկանց ասածներին։ Դա- տավորի՝ «դուք ուզում եք անկախ Հայաստա՞ն հիմնել» հարցի պատասխանը հարիր է իսկական ինտերնացիոնալիստին. «Մեզ համար մեկ հայրենիք գո- յություն չունի։ Մենք սոցիալ-դեմոկրատներ ենք։ Մենք չենք պայքարում միայն հայերի փրկության համար, մենք պայքարում ենք ամբողջ մարդկու- թյան համար։ Մեր հայրենիքը Երկիրն է» (էջ 28)։
Այս ամենին զուգահեռ, սակայն, անհրաժեշտ է նշել, որ Ք. Աքընն ընդու- նում է և պարբերաբար հիշատակում, որ Հայոց ցեղասպանության իրակա- նացման գործում մեծ է եղել քրդական բնակչության գործոնը։ Այս մասին շատ հստակ նշվում է հատկապես «Բանկ Օտոման» գործողությունից հետո սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռնարկած՝ հայերի կոտորածներին առնչվող հատվածում. «Համիդիե գնդերում ընդգրկված՝ շուրջ հինգ հարյուր քրդական բնակավայրերից զորակոչված քրդերի հետ միասին հայերի դեմ հարձա- կումներին մասնակցում էին նաև Ստամբուլի շրջակայքում բնակվող քուրդ կացնավորներ1 և բեռնակիրներ» (էջ 68)։
Առաջին գլուխը, ընդհանուր առմամբ, նվիրված է աբդուլհամիդյան ժա- մանակաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններին և մանրամասնե- րին, որտեղ հեղինակը փորձում է ներկայացնել Օսմանյան կայսրության ներքաղաքական իրավիճակը, որի պայմաններում հիմնադրվեցին հայկա- կան կուսակցությունները։ Թեև նա նշում է, որ XX դարի շեմին Օսմանյան կայսրությունում գործունեություն էին ծավալել չորս հայկական կուսակցու- թյուններ2, այդուհանդերձ առավել մանրամասնորեն անդրադառնում է
1 Կացնավորի (թուրք.՝ Zülüflü baltacılar) մասնագիտությունը համարվում էր Օսմանյան վեցերորդ սուլթան Մուրադ II-ի (1421-1444) օրոք հիմնադրված պալատական դպրոցի (թուրք՝ Enderûn mektebi) կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Խաղաղ ժամանակներում նրանք ծառայում էին պալատում, ապահովում հարեմը ցախով։ Պատերազմական պայմաններում և արշավանքների ընթացքում նրանք գնում էին բանակի առջևից՝ հատելով նրա ճանապարհը խոչընդոտող անտառները (տե՛ս Türkiye Diyanet Vakfı İslam Ansiklopedisi, c. 5, s. 34)։
2 Ք. Աքընը XX դարի շեմին իրենց գործունեությունը ծավալող երեք հայկական ազգային կուսակցություններին՝ Արմենական, Սոցիալ-դեմոկրատ hնչակյան և Հայ հեղափոխական
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններին։ Չնայած Ք. Աքընը հստակորեն ընդգծում է, որ հայկա- կան կուսակցությունների ստեղծման և գործունեության հիմնական պատ- ճառն ու նպատակը ազատ և անկախ Հայաստանի հռչակումն էին, այնու- ամենայնիվ հնչակյանների և Փարամազի առնչությամբ նշում է, որ այդ կու- սակցությունը, վերոնշյալ նպատակները հետապնդելուց զատ, հստակորեն կրում էր սոցիալիստական գաղափարախոսության դրոշմը և իր պատմու- թյան ընթացքում մշտապես պաշտպանում ու քարոզում էր սոցիալիզմը։
Ուշագրավ է, որ վերոնշյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքե- րը Ք. Աքընը ներկայացնում է ոչ թե թուրքական, հայկական կամ նույնիսկ քրդական տեսանկյուններից, այլ խիստ չեզոք դիրքերից։ Նա չի հայտնում որևէ կարծիք, չի առաջադրում մեկնաբանություններ, այլ փաստում է պար- զապես դեպքերի և իրադարձությունների հաջորդականությունը։ Այդուհան- դերձ անհրաժեշտ է շեշտել, որ նա բացասական վերաբերմունք է հայտնում երիտթուրքական վարչակարգի առնչությամբ։ Հեղինակի նման տրամադրու- թյուններին կարելի է հանդիպել առաջին գլխի` ««Միություն և առաջադիմու- թյունը» հիշեցնում է իր թուրք լինելը» ենթավերնագրում: «Շարժման (երիտ- թուրքական – Ա. Գ., Հ. Դ.) առաջին տարիներին, շատ կարճ ժամանակա- հատվածում կայսրությունում տիրապետող օսմանիզմ գաղափարախո- սությունն իր տեղը զիջեց պանթյուրքիզմին»,– գրում է նա (էջ 106)։ Սրանով հեղինակը փորձում է ընթերցողին հասկացնել, որ երիտթուրքական շարժ- ման տարածմանը զուգահեռ՝ կայսրությունում բնակվող ոչ թուրք բնակչու- թյան վիճակը ավելի է վատթարացել։
Ք. Աքընն առավել մանրամասնորեն ուսումնասիրում է հայ ժողովրդի վիճակն Օսմանյան կայսրությունում, հայկական կուսակցությունների և Փարամազի գործունեությունը երիտթուրքերի իշխանության օրոք։ Մասնա- վորապես ներկայացված են 1908 թ. հեղափոխությանը հաջորդած ժամանա- կաշրջանում հնչակյանների և դաշնակցականների փոխհարաբերություն- ներն իթթիհաթականների հետ, ՍԴՀԿ և ՀՅԴ ընդհանուր ժողովները՝ ընդ- հուպ 1914 թ. Օսմանյան խորհրդարանի ընտրություններն1 ու Առաջին աշ- խարհամարտի մեկնարկը: Պատմական ժամանակաշրջանի խճանկարն ամբողջացնելու համար նա կանգ է առնում նաև 1914 թ. փետրվարյան հա- մաձայնության և օգոստոսյան թուրք-գերմանական գաղտնի պայմանագրի
դաշնակցություն, հավելում է նաև 1896 թ. հնչակյաններից անջատված Վերակազմյալ հնչակ- յան կուսակցությունը:
1 Թեև օրենսդիրում ներկայացված էր միայն «Միություն և առաջադիմություն» կուսակ- ցությունը, 87 խորհրդարանականներից 11-ը հայեր էին (ցանկի մասին տե՛ս Karacakaya R., Meclis-i Mebusan seçimler ve Ermeniler (1908-1914), Yakın Dönem Türkiye Araştırmaları, sayı 3, s. 140): Ք. Աքընը հատուկ ընդգծում է, որ հայ պատգամավորների մի մասը, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, սպանվել են ցեղասպանության ժամանակ (էջ 175):
վրա, որով Օսմանյան կայսրությունը, փաստորեն, պարտավորվում էր որ- պես Գերմանիայի դաշնակից մասնակցել Առաջին համաշխարհային պա- տերազմին:
Ըստ Ք. Աքընի մոտեցման` առանձնակի ուշադրության է արժանի
«Հնչակ» թերթում Փարամազի «հրապարակած վերջին՝ «Հայի պահանջը» հոդվածը1, որը լավագույնս արտահայտում է թե´ հնչակյանների ներկուսակ- ցական խմորումները և թե´ Փարամազի հոգեվիճակը: Նա հոդվածի հիմնա- կան բովանդակությունը տեսնում է ի դեմս Փարամազի մտքերից մեկի.
«Այնտեղ, ուր արդարություն չկա, ամեն հավատարմություն կեղծ է» (էջ 185):
Նշենք, որ այս հոդվածի թարգմանությունը զետեղված է գրքի հավելվածում:
Երկրորդ գլխի վերջին հատվածը նվիրված է Փարամազի կյանքի վերջին տարվա նկարագրությանը՝ Պոլիս գալուց մինչև կախաղան բարձրանալը: Այս առիթով հարկ է մատնանշել այն մեծ աշխատանքը, որ Ք. Աքընը իրա- կանացրել է արխիվային և հուշագրական նյութի ուսումնասիրության առու- մով2: Նա Փարամազի ու նրա 19 ընկերների մահապատիժը նկարագրում է ըստ միակ հայ ականատեսի՝ քահանա Գալուստ Պողոսյանի վկայության: Ակնհայտ է, որ Ք. Աքընին ոգևորում են Փարամազի՝ կախաղան բարձրանա- լուց առաջ ասած խոսքերը. «Դուք մեր մարմինը միայն կարող եք սպանել, բայց գաղափարները՝ երբեք: Վաղը հայությունը ողջունելու է անկախ ու սոցիալիստական Հայաստանը... Կեցցե՛ սոցիալիզմը, կեցցե՛ Հայաստանը»3:
«1915-ի ցեղասպանությունը» վերնագրված երրորդ գլուխը, ըստ էության, Մեծ եղեռնի պատմության համառոտ շարադրանքն է, որը թեև չի հավակ- նում որևէ նորության, այդուհանդերձ անցյալի նուրբ ու ցավոտ փաստերի շիտակ շարադրանքն է: Ք. Աքընը նշում է, որ ցանկացել է ընթերցողին ցույց տալ, որ Փարամազը ոչ թե այլոց, այլ թուրքերի հեղափոխական պատմու- թյան հերոսն է (էջ 218)4: Այսպիսի թիրախային հանրույթի պայմաններում ցեղասպանությունը ներկայացնելու այս ձևաչափը հավանաբար ամենաար- դարացվածն է: Մեր կարծիքով՝ հայ ընթերցողի համար այս գլխի թերևս ամենաուշագրավ հատվածը նվիրված է հայերի զանգվածային սպանու- թյուններում «Թեշքիլյաթ-ը մահսուսա» օսմանյան ուժային հատուկ ստորա- բաժանման դերակատարությանը (էջ 246-252):
Ամփոփելով հարկ է նշել, որ Ք. Աքընին լիովին հաջողվել է ընթերցողի մտապատկերում վերստեղծել թուրքական իրականության առաջին սոցիա-
1 «Հնչակ», 1914, թիվ 1, էջ 8-10:
2 Ուշագրավ է, որ սկզբնաղբյուրների մի մասը (այդ թվում՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում պահվող ՍԴՀԿ արխիվի որոշ նյութեր) առաջին անգամ են հրապարակվել թուրքերենով: Տե՛ս նույն տեղում, էջ 286:
3 Տե՛ս նաև Պողոսյան Հ., Փարամազ (Մատթեոս Սարգսյան) // «ՊԲՀ», 1988, թիվ 2, էջ 109:
4 Ermeni Devrimci Paramaz, CNN Türk, 20.04.2015, http://www.cnnturk.com/haber/kultur- sanat/kitap/ermeni-devrimci-paramaz [հասանելի էր 20.02.2016]:
լիստի կերպարը: 1896 թ. նոյեմբերի 18-ին Սալմաստից դստերը՝ Իսկուհուն, ուղարկած իր նկարի վրա Փարամազը գրել էր. «Աղջի՛կս, Իսկուհի ջան, ա՛ռ այս պատկերը, հիշի՛ր հորդ և գնա՛ նրա ճանապարհով, որը թեև փշոտ, բայց դեպի երջանկության ասպարեզն է տանում»1: Հենց այսպիսին էին ժամա- նակակիցները հիշում Փարամազին` իբրև երազկոտ սոցիալիստի ու անվե- հեր հեղափոխականի: Հենց այսպիսին է նա հառնում նաև Ք. Աքընի աշխա- տության մեջ, որը լույս է սփռում օսմանյան պատմության՝ թուրքական պաշտոնական պատմագրության մեջ անուշադրության մատնված մի դրվա- գի վրա, ուստի լիովին հասկանալի է այն հետաքրքրությունը, որ գիրքն առաջացրել է թուրքական հասարակության տարբեր շերտերի մեջ:
Իբրև հետգրություն նշենք, որ 2014 թ. հոկտեմբերի 5-ին Քոբանիում իսլամական ծայրահեղականների դեմ մարտերում զոհվել էր քուրդ մարտիկ Սուփհի Նեժաթ Աղըրնասլըն, ում մարտական կեղծանունը Կարմրագլուխ Փարամազ էր2: Այլ կերպ ասած՝ մահից ավելի քան մեկ դար անց Փարամազի ոդիսականը շարունակվում է:
ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Յօդուածը լոյս տեսած է Լոս Անճելոսի մէջ տպագրուող «Մասիս» պարբերականին մէջ
1 Սիրվարդ, Փարամազ (Մատթէոս Սարգսեան): Կեանքն ու գործունէութիւնը, Փրավիտէնս, 1954, էջ Ա:
2 Sosyolog Nejat Ağırnaslı Kobanê'de Hayatını Kaybetti, BİA Haber Merkezi, 13.10.2014,
http://bianet.org/bianet/yasam/159129-sosyolog-nejat-agirnasli-kobane-de-hayatini-kaybetti [հասանելի
էր 20.02.2016]: