image
Հրատապ լուրեր:

Փոլ Գալուստյան. Մեծ պատիվ է լինել ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետը

Փոլ Գալուստյան. Մեծ պատիվ է լինել  ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետը

Թումանյանի տարածաշրջանի Դեբեդ գյուղի մերձակայքում կառուցվող Հայաստանում եզակի ուսումնական նոր հաստատության՝ ՍՄԱՐԹ կենտրոնի առաջին մասնաշենքի ճարտարապետը լիբանանահայ երիտասարդ ճարտարապետ Փոլ Գալուստյանն է: Օրերս նա ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնադիր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ղեկավարների և աշխատակիցների հետ այցելել էր ծանոթանալու կենտրոնի շինարարության աշխատանքներին: «Արևելքի» հետ զրույցում Փոլ Գալուստյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել ճարտարապետը մի կենտրոնի, որը դառնալու է նորարարական մի կրթօջախ, ուր համադրվելու են ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, նորագույն տեխնոլոգիաները, նոր և հնագույն արհեստները, արվեստները, սպորտը և հասարակական նախաձեռնությունները և որոնք մեծ առաջընթաց են ապահովելու Հայաստանի գյուղերի զարգացման համար:  

Փոլը ճարտարապետություն է ուսանել A.L.B.A-ում, Լիբանան (Académie Libanaise des Beaux-Arts), իսկ մագիստրոսի կոչում ստացել է Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցում: Աշխատել է Բազել քաղաքի Herzog and de Meuron ընկերությունում, այնուհետև Բեյրութում հիմնել է  սեփական ընկերությունը: Դասավանդել է Բոստոնի ճարտարապետության կետրոնում և Բեյրութի ամերիկյան համալսարանում: Արժանացել է Moukbel մրցանակին և Ինժեներների ու ճարտարապետների շքանշանի: 2012թ. Վենետիկի բիենալեում ցուցադրված նրա «Տունը անտառում» նախագիծը «Արաբ երիտասարդ ճարտարապետներ» մրցույթում պատվավոր տեղ է զբաղեցրել: