2016 թվականի մարտ ամիսը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հարուստ է խաղացանկային ներկայացումներով: Թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան կներկայացվի մարտի 1–ին, որտեղ գլխավոր դերերում հանդես կգան Աննա Մնացականյանը (Վիոլետտա), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ), Առնոլդ Քոչարյանը (Ժերմոն), Ինգա Կարապետյանցը (Ֆլորա): Ներկայացման դիրիժորն է Հարություն Արզումանյանը:
Մարտի 5–ին Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում նույն երեկոյի ընթացքում կներկայացվի Ջ. Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» և Ա. Պիացցոլլայի «Տանգո» բալետային ներկայացումները: Բեմադրող-բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:
Ջ. Վերդիի «Տրուբադուր» երեք գործողությամբ օպերան կներկայացվի մարտի 10–ին: Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Սարգսյանը, ներկայացման նկարիչն է ՀՀ վաստ. նկարիչ Ավետիս Բարսեղյանը:
Լ. Մինկուսի հանրահայտ «Դոն Կիխոտ» բալետը կներկայացվի մարտի 12–ին: Բեմադրությունը՝ ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանի: Բեմադրության նկարիչն է Ռուբինա Հովհաննիսյանը:
Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի մարտի 19–ին: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժող. արտիստ Յուրի Գրիգորովիչը: Նկարիչ՝ ԽՍՀՄ ժող. նկարիչ Սիմոն Վիրսալաձե: Մասնակցությամբ՝ «Բարեկամություն» ՀՀ վաստակավոր պարային անսամբլի:
Մարտի 25–ին և 28-ին Հայաստանի գլխավոր թատրոնում պրեմիերա է նախատեսված: Կներկայացվի Վ. Բելլինիի «Նորմա» երկու գործողությամբ օպերան: Լիբրետոն՝ Ֆ. Ռոմանիի: Այս օպերայի առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1831 թվականին:
culture.am