2020 թուականի նոյեմբերին նախատեսուած է Հայ առաքելական եկեղեցւոյ ժողովական բարձրագոյն մարմնի ազգային-եկեղեցական ժողովը, որ իրականացնելու մասին որոշումը ընդունուած է այս տարուան մարտին Էջմիածնի մէջ տեղի ունեցած Գերագոյն հոգեւոր խորհուրդի ժողովին՝ հայոց եկեղեցւոյ յետագայ գործունէութեան ուղենշման նպատակով։ Այս մասին կը հաղորդէ hraparak.am լրատուական կայքը:
Յիշեցնենք, որ ազգային-եկեղեցական ժողովներու ժամանակ կ'ընտրեն հայոց կաթողիկոս:
«Փաստօրէն, Հայաստանի անկախութիւնից յետոյ այն երրորդն է լինելու․ առաջին երկուսը եղել են 1995 եւ 1999 թուականներին՝ հայոց կաթողիկոս ընտրելու համար։ Դրանից առաջ Ազգային-եկեղեցական ժողովներից ամենանշանակալիցը 1945-ին էր, երբ ապրիլի 19-ին Իոսիֆ Սթալինն ընդունեց հայոց կաթողիկոսի տեղապահ Գէորգ արքեպիսկոպոս Չորեքչեանին, որը ԽՍՀՄ ղեկավարին ներկայացրեց հայկական հողերի վերադարձի, սփիւռքահայերի հայրենադարձութեան հարցերը եւ խնդրեց թոյլատրել ազգային-եկեղեցական ժողով հրաւիրել՝ կաթողիկոս ընտրելու համար․ 1938-ին Ամենայն հայոց կաթողիկոս Խորէն Մուրատբեկեանի սպանութիւնից յետոյ Հայաստանը շուրջ 7 տարի կաթողիկոս չունէր։ Նախորդ ազգային-եկեղեցական ժողովը գումարուել էր դրանից 584 տարի առաջ՝ 1361թ․, երբ Մեսրոպ Ա Արտազցի կաթողիկոսը հրամայել էր հայ եկեղեցու ծիսակարգից վերացնել «ամէն մի նորամուծութիւն, որ արդիւնք է եղել Կիլիկեան թագաւորների լատինամոլ քաղաքականութեան»։ Իսկ ազգային-եկեղեցական ժողովներից առաջինը 325թ. Վաղարշապատի Ա ժողովն է, որը գումարել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը։
Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի ղեկավար Վահրամ քահանայ Մելիքեանից հետաքրքրուեցինք, թէ ինչու Հայոց եկեղեցու ամենաբարձր ժողովը, որը մտադիր են եղել անցկացնել դեռ անցած տարի, յետոյ՝ այս տարի, որոշուել է տեղափոխել 2020թ․։ Նա ասաց, որ պատճառը ոչ թէ կազմակերպչական բնոյթի հարցերն են, այսինքն՝ որ չեն հասցնում, այլ Մայր տաճարի նորոգութեան հարցը․ «Ազգային եկեղեցական ժողովները միշտ անցկացւում են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, այլ վայրերում չեն անցկացւում, եւ նկատի ունենալով, որ խօսքը մօտաւորապէս 460 պատուիրակների մասին է, բնականաբար, միայն Մայր տաճարում կարող է լինել, քանի որ ժողովը սկսւում է ընդհանուր սուրբ պարտարագի մասնակցութեամբ»։
Հոգեւորականներից ու աշխարհականներից կազմուած յանձնաժողովն է նախապատրաստում ժողովի անցկացումը։ Հարցին, թէ ինչ օրակարգ է լինելու, Տէր Վահրամն ասաց․ «Օրակարգը նաեւ Գերագոյն խորհրդի կողմից է ձեւաւորւում, դեռ վերջնական-ամբողջական օրակարգը չենք հրապարակել, երբ ժամանակը մօտենայ, այն ժամանակ կը հրապարակենք»։ Բայց կը լինեն տարբեր հարցեր, որոնք ազգային-եկեղեցական ժողովի վճռելիքն են», - գրած է թերթը։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ