Լիբանանահայ Իշխան Վահան Մանիսաջյանը, ում լիբանանցի ոչ հայուհի կինը սիրահարված է Հայաստանին, Լիբանանի երբեմնի փառքն ավարտված է համարում:
Ամենահին հայկական գաղութներից Լիբանանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Երկրի տնտեսական ու քաղաքական անկայուն վիճակն անհետևանք չի մնում նաև հայ համայնքի վրա, որը տարեցտարի ավելի է նոսրանում:
Այս իրավիճակում ամենահուսադրողն այն է, որ ի տարբերություն այլ համայնքների, լիբանանահայերի մեծ մասը տեղափոխվում է Հայաստան: Սա հաստատում է համայնքի ներկայացուցիչ, առևտրի ոլորտի պաշտոնյա Իշխան Վահան Մանիսաջյանը: Սփյուռքահայերի առջև հայրենիքի բացված դռները իրենց տարիների երազն իրականացնելու հնարավորություն ընձեռեցին: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ Լիբանանը կորցնում է իր երբեմնի փառքը, փոխարենը Հայաստանն է ոտքի կանգնելու ճանապարհը բռնել, կարծում է Մանիսաջյանը:
«Եթե 10 ընտանիք գաղթում է Լիբանանից Հայաստան, 1-2-ն են, որ այլ երկրներ են գնում, երբ որ տեսնեն, որ Հայաստան դեպի լավն է գնում, իսկ Լիբանան՝ դեպի ետ, կգանք և կասենք, որ Հայաստանը նորմալ երկիր է: Մենք տեսանք Լիբանանը փառքի երկիր, որ հիմա վատ օրեր է ապրում:Եթե Լիբանանում 10 –ի հետ խոսեք, 9-ը ուզում է Հայաստան, մենք 100 տարի Լիբանանը շենացրինք, բայց այսօր ես չեմ ուզում, որ սփյուռքի գաղութները քայքայվեն, քանի որ Հայաստանի ուժը գալիս է սփյուռքից, սփյուռքն էլ Հայաստանով է զորավոր»,-ասում է Մանիսաջյանը:
Բազմաթիվ անգամներ այցելել է Հայաստան, հայրենիքում հաստատվելն էլ վերջնական նպատակն է, ասում է՝ եղբայրն արդեն իսկ տեղափոխվել է:
«Իմ կինս լիբանանցի է, բայց եթե առիթ լինի, ինձանից առաջ Հայաստան կգնա, այնքան որ սիրահարված է Հայաստանին, ես առիթ ունեցել եմ ԱՄՆ, Կանադա գնալու, բայց չեմ գնացել: իսկ հիմա, որ դեպի Հայաստան են գնում, սրան ես գաղթ չեմ ասում, տունդարձ եմ ասում: Հիմա, որ ավելի լավ պայմաններ են լինելու Հայաստանում, պիտի բոլորը գնան»,-վստահ է նա:
Փոխարենը Լիբանանում դժվարությունները շատ են, ֆիզիկական սպառնալիքներ չկան, բայց կան այլ դժվարություններ, որոնք ոչ միայն հայերի, այլ ընդհանուր լիբանանցիների խնդիրն է: Ներկայացնում է.
«Գլխավոր պատճառը տնտեսական և քաղաքական վատ վիճակն է: 4 ամիս է՝ Լիբանանում կառավարություն գոյություն չունի, մի երկիր, որ առանց կառավարության է գոյատևում, սղություն, նեղություն է տիրում: Ֆիզիկական ապահովություն կա, բայց անապահով ենք զգում առողջապահական գետնի վրա, տնտեսական գետնի վրա, էլեկտրաէներգիա չունենք, ջրի վիճակը վատ, չեմ կարծում, որ աշխարհը միայն այստեղ է, մեկը, որ տեսնում է, որ դիմացն անդունդ է, կցանկանա՞ առաջ գնալ»:
Իսկ այս իրավիճակն էապես ազդել է հայ համայնքի վրա, մեծանում է գաղթողների թիվը, մնացող փոքրամասնությունը մի օր կանգնելու է ինքնությունը կորցնելու վտանգի առջև: «Մեզ համար այստեղ լավ է, որ կարողացանք հայկական ոգով մեծանալ, հայ գաղութը լավ է, բայց մեկ տարվա ընթացքում թիվն արագորեն պակասեց, բավական կծանրանա վիճակը, եթե այսպես շարունակվի: Սրանից 10-20 տարի առաջ մենք 20 վարժարաններ, դպրոցներ ունինք, հիմա 12-13 հայկական դպրոց է մնացել: Հիմա լսում եմ, որ քաջալերված են Հայաստան գնալու, բայց եթե այստեղ 10 հզր հայ մնա, ձուլման վտանգը կմեծանա»,-մտահոգ է լիբանանահայ պաշտոնյան, ով կարևորում է նաև սփյուռքի գոյությունը:
Ի տարբերություն լիբանանահայերի, սիրիահայերն, ովքեր պատերազմի հետևանքով էին տեղափոխվել այս երկիր, Հայաստանի փոխարեն այլ երկրներ են նախընտրում, Իշխան Վահան Մանիսաջյանը նրանց այս որոշումը չի հասկանում, կարծում է, որ հայի վերջնական ընտրությունը Հայաստանը պիտի լինի և վստահեցնում, որ ինքը այս պատճառով է, որ երբևէ չի օգտվել իրեն ընձեռված հնարավորություններից ու չի մեկնել ԱՄՆ կամ Կանադա: