image

Հայկական ամենամեծ երաժշտախումբը կներկայացնի 100 երգ

Հայկական ամենամեծ երաժշտախումբը կներկայացնի 100 երգ

Այսօր Լիբանանում կմեկնարկի հայկական ամենամեծ երաժշտախմբի` ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համերգը: Մինչեւ նոյեմբերի 1-ը նույն սրահում ԳՈՀԱՐ-ն ունենալու է չորս համերգ, որոնց ընթացքում հնչելու է 100 երգ: Խորհրդանշական համերգներով երաժշտախումբն այս տարի ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես «Արեւելքին» հայտնեց խմբի տնօրեն Սեւակ Սերոբյանը, հատկապես այս տարի երաժշտական բեմադրությունների, երգերի ընտրության ժամանակ մեծ տեղ է տրվել վերածննդի գաղափարին, եւ այս տարվա համերգները  խումբը  նվիրում    է Ցեղասպանությունից հետո վերածնված հայ ժողովրդին:  ԳՈՀԱՐ-ի համերգներին Բեյրութ են ժամանել  բազմաթիվ հայեր` տարբեր երկրներից, այդ թվում ընտանիքներ: «Սա ապացույց է, որ հանդիսատեսը սպասում է ԳՈՀԱՐ-ի համերգներին եւ աշխարհագրական տարածքը կապ չունի, մարդիկ երկրից երկիր են գնում` սիրված խմբի սիրված կատարումները լսելու»,-հայտնեց Սեւակ Սերոբյանը:
1997-ին հիմնված խումբն այս տարի  առաջին անգալ ելույթ է ունենալու նոր դիրիժորի ղեկավարությամբ: ԳՈՀԱՐ-ի նորանշանակ դիրիժորը Հայաստանի քչաթիվ կին դիրիժորներից Նաթալի Գալստյանն է:  Խմբի  հաջողության գործում մեծ է  2014-ին կյանքից հեռացած  նախկին դիրիժոր Սեպուգ Աբգարյանի դերը: ԳՈՀԱՐ-ը համահայկական փառքի եւ հռչակման է հասել  բեյրութահայ Խաչատուրյան ընտանիքի շնորհիվ,  որոնք էլ հիմնել եւ մինչեւ այսօր հովանավորում են Գյումրիում գործող երաժշտախումբը` հարյուրավոր աշխատատեղեր ապահովելով հայ երաժիշտների համար: