Հայաստանի մշակույթի նախարարությունն ընդունելի և ոգևորիչ է համարում Ախալցխայում երգչուհի Լուսինե Զաքարյանի մանկության տան ձեռքբերման առաջարկը: Պետբյուջեում նման միջոցներ չլինելու պայմաններում նախարարությունը հետաքրքրված է հովանավորներ կամ գնորդ գտնելու հարցով (նպատակով, որ տունը հետագայում ծառայելու է որպես մշակութային կենտրոն կամ թանգարան), տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը, արձագանքելով օրերս մամուլում շրջանառվող այն ահազանգին, ըստ որի, հայ օպերային երգչուհի, հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Լուսինե Զաքարյանի՝ Ախալցխայում գտնվող հայրական տունը վաճառքի է հանվել:
Խոսնակը հայտնում է նաև, որ Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի նախագահ Էդուարդ Այվազյանի կարծիքով, նույն տանը կարելի է կազմակերպել նաև ախալցխացի հանրահայտ մյուս հայազգի գործիչներին՝ Վարդգես Սուրենյանցին, Հակոբ Կոջոյանին, Կարպ Խաչվանքյանին նվիրված սրահներ: ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է նման դեպքում անհրաժեշտ ցուցանմուշների հավաքակազմ ապահովել, աջակցել տեղափոխության և ցուցադրանքը կազմակերպելու հարցում: