Հալեպահայ Գոհար և Ժան (Հովհաննես) Գալուստյանների տունը փլվել է սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության ժամանակ: Գալուստյանները, որ վեց ամիս առաջ մտադիր էին Հայաստան գալ, անցնող ամիսներին Հալեպում համեմատաբար խաղաղ իրավիճակի պատճառով հետաձգել էին իրենց գալու որոշումը: Նրանց տան վրա ընկած երկու հրթիռները փոխել են ընտանիքի կյանքը...
Գոհար Գալուստյանը նամակ էր գրել «Արևելքին»՝ խնդրելով տեղ հասցնել ընտանիքի ձայնը և փլատակների տակից հրաշքով փրկված ընտանիքին օգնել հասնել Հայաստան:
Նրանք այսօր արդեն Երևանում են: «Հալեպ» հայրենակցական միության և Հալեպի Հայ Ավետարանական համայնքի միջոցով Գալուստյանները նախ Բեյրութ են գնացել, ապա Դուբայով հասել են Հայաստան:
Նրանց օգնության ձեռք է մեկնել Երևանում ապրող անծանոթ մի ընտանիք: Դարչինյանների ընտանիքը, «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» հասարակական նախաձեռնության միջոցով, տեղեկանալով Գոհար և Ժան Գալուստյանների մասին, պատրաստակամություն է հայտնել հոգալ Երևանում նրանց վեց ամսվա բնակարանի վարձը: Իսկ մինչ նրանց կահավորված բնակարան տեղափոխելը՝ Դարչինյանները (Կարինե Յարմալոյանն ու ամուսինը՝ Դ. Դարչինյանը) իրենց հարկի տակ են ընդունել Գոհարին, նրա ամուսնու և երկու փոքրիկ երեխաների հետ:
«Կարծես ամեն ինչ երազ լինի, չեմ հավատում...»,- Երևանում իրենց հյուրընկալած տան մեջ հուզված ասել է Գոհար Գալուստյանը:
