image

Գտնելով սիրիահայ հարազատներին՝ ավստրալահայ հայուհին օգնել է Հացիկ գյուղին

Գտնելով սիրիահայ հարազատներին՝ ավստրալահայ հայուհին օգնել է Հացիկ գյուղին

Երբ «Դեպի Հայք» կազմակերպության կամավոր, ավստրալացի Մարալ Մանուկյանը «Հայաստանի մանուկներ» (COAF)  հիմնադրամի Մարդասիրական աջակցության ծրագրի ամառային ճամբարների համար դրամահավաք էր նախաձեռնում, նա չէր էլ մտածում, որ իր հավաքած գումարով կկարողանա ծածկել բոլոր մասնակիցների սննդի ծախսերը, ինչպես նաև նրանց համար սպորտային գույք գնել։ Սակայն ավստրալացի ընկերների աջակցությամբ գործը գլուխ եկավ, և Մարտակերտի ու Գիշիի ճամբարներում ընդգրկված 250 երեխաները 10 օր շարունակ օգտվում էին տաք սննդից ու սպորտային խաղեր խաղում։

Սա առաջին ու միակ դեպքը չէր, երբ Մարալը մասնակցում էր Հայաստանի գյուղական համայնքների կյանքին։ Նա մի շարք կամավորական նախագծերի է մասնակցել՝ գյուղական համայնքներում հետազոտական հմտությունների դասավանդում, մանկական ատամնաբուժական ծրագրեր և այլն։

«Ամեն դեպքում, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերն ինձ համար ամենամեծ նշանակությունն ունեցան»,- ասում է Մարալը։- «Հիմնադրամն արտակարգ կազմակերպություն է։ Նրանք այնքա՜ն գործ են անում չքավոր գյուղական համայնքների երեխաների համար։ Գյուղական այցելությունները, կարծես, բացեցին աչքերս, ու ես տեսա, թե հայրենակիցներս ինչ խնդիրների են բախվում։ Ինձ համար զարմանալի էր, որ Արմավիրում ապրող մարդիկ երբեմն նույնիսկ կենսական կարիքներն են դժվարությամբ հոգում։ Միևնույն ժամանակ, ինձ համար իսկական պարգև էր գիտակցել, որ ես կարող եմ ինչ-որ չափով փոփոխություններ բերել, ինչպես նաև ընկերանալ հրաշալի աշխատակազմի հետ, որն ամեն ինչով ինձ օգնում էր։»

Մարալի պատմությունը յուրօրինակ է. նա բարեկամներ ունի այն գյուղում, որտեղ կամավորական աշխատանք էր տանում։ «Այցելությանս առաջին երկու ամիսներին հաճախ էի գնում Հացիկ, որ տեսնեմ տատիկիս հարազատներին (նրանք 80-ական թվականներին Սիրիայից Հայաստան էին գաղթել)։ Մի օր, գյուղի դպրոցում աշխատող մորաքույրներիցս մեկը պատմեց Հիմնադրամի մասին, ներկայացրեց, թե գյուղում ինչ ծրագրեր են իրականացրել։ Դրանից մեկ շաբաթ հետո ես արդեն Հիմնադրամի կամավորն էի։ Նրանք այնպես արեցին, որ ես աշխատեմ հենց Հացիկում, որտեղ իմ բարեկամներն էին ապրում։ Այսինքն, այդ անցումը շատ սահուն եղավ։ Բայց այդ աշխարհը շատ էր տարբերվում Սիդնեյից, որն աշխարհի ամենամեծ ու ակտիվ քաղաքներից է։ Շաբաթվա ընթացքում հարազատներիս մոտ էի մնում ու բարձր դասարանցիներին հետազոտական հմտություններ սովորեցնում (հենց այն դպրոցում, որտեղ զարմիկներս էին սովորում ու երկու մորաքույրներս դասավանդում)։ Ես Հացիկում սովորական կյանքով էի ապրում. բարեկամներիս հետ ճաշում էինք, թաղումների գնում, բանակի քեֆի մասնակցում, ծիծաղում ու լալիս։ Ամեն ինչ իսկական էր։ Դա Հացիկի առօրյան էր։ Երբ անհրաժեշտ էր լինում, Հիմնադրամի աշխատակիցների հետ Երևան էի վերադառնում։ Այդ կերպ և՛ գյուղական աշխարհն էր ինձ հասանելի, և՛ քաղաքային կյանքը, ու ես ապրում էի մի իրականության մեջ, որի մասին առաջ գաղափար անգամ չունեի։ Պատահում էր, որ հոսանքի անջատումներ էին լինում, ջուրն էին կտրում, խոզ էին մորթում ու Նոր տարվա խորոված անում... Wi-Fi էլ չկար...»,- ասում է Մարալը։- «Ինձ համար խիստ կարևոր էր, որ Երևանից դուրս գոյություն ունեցող կյանքն էլ տեսնեմ։ Անհրաժեշտ է, որ սփյուռքահայ երիտասարդները «կոմֆորտի գոտուց» դուրս գան ու փորձեն հասկանալ Հայաստանը։ Նաև պետք է հասկանանք, թե մենք, որպես անհատներ, ինչ փոփոխություն կարող ենք բերել մեր հայրենիքին։ Մի հոգին էլ կարող է բազմաթիվ մարդկանց վրա ազդեցություն թողնել»։

 

COAF