2008 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության կողմից հիմնված FlyDubai ավիաընկերությունը ղեկավարող գործարար Ղայս ալ Ղայսն այսօր ընկերության՝ Դոնի Ռոստով քաղաքում կործանված օդանավի աղետի առթիվ իր ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին, տեղեկացնում են արաբական ԶԼՄ-ները: Նա նշել է, որ ընկերության բոլոր անդամները ցնցված են տեղի ունեցած աղետից, որը նորաստեղծ ընկերության պատմության առաջին ավիավթարն է: Ղայս ալ Ղայսը նաև ասել է, որ դեռևս հայտնի չէ վթարի պատճառը, և որ ավիաընկերությունը օժանդակություն կտրամադրի զոհվածների հարազատներին:
FlyDubai ավիաընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում, իրականացնում է ավելի քան 70 ուղղություններով չվերթեր՝ դեպի Մերձավոր Արևելք, Հնդկական թերակղզի, Աֆրիկա, Արևելյան Եվրոպա և Ռուսաստան: Ընկերության ավիապարկում կան բոլորովին նոր «Boeing 737-800 NG» օդանավեր:
Մարտի 19-ին վթարի ենթարկված Boeing 737-800 օդանավի բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են:
Մարտի 20-ը Դոնի Ռոստովում հայտարարվել է սգո օր: