Օրերս ՀՀ նախագահական նստավայրում աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունուն հանձնվեց ՀՀ նախագահի կողմից նրան շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը:
Պոլսահայ երաժիշտ Շահան Արծրունին համերգներ է ունեցել նշանավոր բեմերում, նվագել է Սպիտակ տանը, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսլանդիայի թագավորական պալատներում։ Դասախոսել է Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում, իսկ հայկական շարականների մասին դասախոսությամբ հանդես է եկել Կոնգրեսի գրադարանում։ 1996-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Շահան Արծրունուն պարգևատրել է «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» բարձրագույն շքանշանով։ Դաշնակահարն աջակցում է Հայաստանում անցկացվող տարբեր ծրագրերի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ու Վանաձորի Տարեցների տան հիմնական հովանավորներից է։ Նա մեկն է այն արվեստագետներից, որ միացել էր Աղթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու գագաթին խաչ դնելու արշավին` նամակներ հղելով Թուրքիայի կառավարությանը։ 2010-ին Շահան Արծրունին «Սուրբ Խաչ» եկեղեցու հայտնի պատարագի նախօրեին համերգ ունեցավ Վանում` ներկայացնելով հայկական երաժշտություն։ Իսկ ավելի ուշ` նույն տարվա հոկտեմբերին, Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը «Քարնեգի հոլլ» համերգասրահում կազմակերպեց հայտնի դաշնակահարի համերգը։
«Արևելքի» հետ զրույցում Շահան Արծրունին նշեց, որ իր ստացած բազում պարգևներից ու մեդալներից ՀՀ բարձրագույն պարգևն ամենահատկանշականն ու պարտավորեցնողն է, և ինքը շարունակելու է հայ երաժշտությունն օտարներին ներկայացնելու իր առաքելությունը: