Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, որը ծնունդով Հայաստանից է, հայտնում է թուրքական Hurriet պարբերականը։ Հրապարակման համաձայն, ձերբակալվածի անունը Արտյոմ Ալոյան է, նա ծնվել է Հայաստանում, ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։ Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Ալոյանն ազատ տիրապետում է ռուսերենին, արաբերենին, հայերենին, քրդերենին, անգլերենին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ըստ կայքի, իրավապահները ձերբակալության պահին Ալոյանի մոտ հայտնաբերվել են Սիրիայում արված լուսանկարներ և տեսանյութեր, քարտեզներ, որոնք ապացուցում են նրա մասնակցությունը Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին։
Ալոյանին պատկանող մեքենայում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և նյութեր, ինչպես նաև հեռակառավարման վահանակներ։
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Հաթայ գավառի իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ Ալոյանի անունն ընդգրկված է Թուրքիայի կազմած ահաբեկիչների անվանացանկում։ Նրա մուտքը Թուրքիա արգելված է։
Իրավապահներին նաև հաջողվել է պարզել, որ Ալոյանը 2015 թվականին Սիրիա մեկնելուց մի քանի ամիս անց հրետանային վիրավորում է ստացել Հալեպում և միառժամանակ բուժվել։ Բուժումից հետո փորձել է մտնել Թուրքիա, մասնավորապես, Ստամբուլ, որտեղ, ըստ հրապարակման, բնակվում է Ալոյանի ընտանիքը։
Դատարանի որոշմամբ կալանավորված Արտյոմ Ալոյանը հարցաքննության ժամանակ պատմել է, որ ինքը ծնունդով Հայաստանից է, ազգությամբ եզդի, Սիրիա է մեկնել 2015 թվականին։ Մինչ այդ՝ 2002 թվականին Հայաստանից արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ էլ քաղաքացիություն է ստացել, ապա 2012 թվականին ընդունել է իսլամ, ավելի ուշ սկսել է ուսումնասիրել ջիհադը և որոշել մեկնել Սիրիա և պատերազմել «Ալ-Նուսրա» խմբավորման կողմից։
DengeEzdia.com եզդիական կայքի տվյալներով, Արտյոմ Ալոյանը ծնունդով Արմավիրի մարզից է: Երիտասարդի ընտանիքը ամեն կերպ փորձել է հետ պահել իրենց տղային, սակայն նրանց չի հաջողվել: Արտյոմ Ալոյանը երկու տարի առաջ Ֆրանսիայում ընկել է ինչ որ իսլամական քարոզչի ազդեցության տակ, որից հետո հայտարարել է, որ պետք է միանա իսլամական իր գաղափարակից եղբայրերին ու մասնակցի ջիհադին:
Լուրը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Քննարկման մասնակիցների մեծ մասը նշում է, որ թուրքական լրատվամիջոցում տարածված այս լուրը Հայաստանը վարկաբեկելու հերթական հերյուրանքն է: