«Ես չեմ ուզում հարուստ լինեմ, ուզում եմ քիչ վաստակեմ, բայց խաղաղ ապրեմ իմ երկրում, իմ ընտանիքի հետ…»,-ասում է նախկին առեւտրական, վարորդ, շինարար, իսկ այժմ խոհարար՝ Հովիկ Սալահյանը, որին հանդիպեցի Երեւանի գետնանցումներից մեկում՝ նորաբաց տաղավար-«ռեստորանում», որտեղ 48-ամյա սիրիահայը Հալեպի հայտնի կերակրատեսակներն է պատրաստում և առաջարկում երևանցիներին:
«Առաջ տանը պատվերով պատրաստում էի, մարդիկ գալիս-առնում էին: Հետո ասին՝ Հովի՛կ, մի տեղ վերցրու աշխատեցրու, համ մենք կգանք կուտենք, համ էլ ուրիշ մարդիկ կգան կփորձեն: Նրանք ոգևորեցին, ես էլ՝ բացեցի: Բակլա (ֆուլ), հոմոս ու նման կերակրատեսակներ եմ պատրաստում, վաճառում»,- ասում է Հովիկ Սալահյանը:
Գործը դեռ նոր է, Հովիկը դեռ չգիտի՝ ինչպիսի ընթացք կունենա այն, կկարողանա՞ արդյոք բավարար գումար աշխատել: Բայց մի բանում վստահ է՝ եթե անգամ սա չստացվի, ինքն անգործ չի մնա:
«Մենք արհեստավոր ենք ծնվում: Մեր պապերը մեզ փոքրուց արհեստ են սովորեցնում, որովհետեւ գաղթի ժողովուրդ ենք, գիտենք՝ եթե, Աստված չանի, ուրիշ տեղ գնանք, պետք է արհեստ ունենանք, որ կարողանանք ապրել: Որ էս գործը չստացվի, ուրիշ գործ կլնեմ. Սիրիայում առեւտրով եմ զբաղվել, բայց «սվարկի», փայտի, քարի գործ էլ կարող եմ անել, եթե պետք լինի»,- ասում է նա:
Հովիկը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2013թ.-ին: Երկու զավակների եւ կնոջ հետ ապրում է բարեկամներից մեկի բնակարանում: Ընտանիքի կարիքները հոգալու համար նախկին առևտրականը Հայաստանում նախ վարորդի աշխատանք է փորձել՝ ընկերոջ մեքենայով մարդկանց տեղափոխել է Թուրքիա, Վրաստան:
«Եղել է՝ սառույցին, բքին, որ ոչ մեկը ռիսկ չէր անում ղեկին նստել, ես սահման եմ քշել, որ ընտանիքս կարողանամ պահել, մեքենայում քանի՜ անքուն գիշեր եմ անցկացնել: Հետո խնդիրներ առաջացան, թողեցի այդ գործը»,- ասում է նա:
Հայաստանում քիչ դժվարությունների չի հանդիպել, բայց հայրենիքից հեռանալու մասին երբևէ չի մտածել:
«Չեմ հասկանում այն մարդկանց, որ ասում են՝ եկանք Հայաստան, գործը չգտանք, թողինք-գնացինք: Մենք պետք է մեր երկրում ապրենք, որ հզորացնենք մեր հայրենիքը, որ մեր թշնամին վախենա»,- ասում է Հովիկը:
Նա Հայաստանից հեռանալու հնարավորություն մեկ անգամ չէ, որ ունեցել է. ընկերները բազմիցս առաջարկել են ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեդիա մեկնել, խոստացել՝ աշխատանքով ապահովել:
«Չգնացի, այնտեղ պետք է շուտ արթնանաս, աշխատանքի գնաս, ուշ գաս տուն, կնոջդ հետ, երեխաներիդ հետ չհասցնես շփվես: Դրանք քայքայում են ընտանիքի հիմքերը, իսկ ես դա չեմ ուզում»,- ասում է Հովիկը:
Դժվարն արդեն անցյալում է. զավակները դպրոցն ավարտել են, այժմ համալսարանում են սովորում, որդին ապագա արևելագետ է, դուստրը՝ հաշվապահ:
Սիրիա վերադառնալու մասին Հովիկը հիմա չի էլ մտածում:
«Մարդիկ կան, ասում են՝ որ պատերազմն ավարտվի, կգնանք հետ, այս կանենք, այն կանենք: Ասում եմ՝ դա շատ մեծ պատերազմ է, այդ պատերազմը չի ավարտվելու, պետք չէ անընդհատ հետ նայել: Եթե հետ նայես, այստեղ առաջ չես գնա»,- ասում է Հովիկը:
Տաթև Սարգսյան/ «Արևելքին»
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ