image

Վտանգը, որն սպառնում է տնօրինությանը, նախագծին, հաճախորդների իրավունքներին սնանկության հայցերն են. «Արծաթ» ՓԲԸ-ից Հայտարարություն

Վտանգը, որն սպառնում է տնօրինությանը, նախագծին, հաճախորդների իրավունքներին սնանկության հայցերն են. «Արծաթ» ՓԲԸ-ից Հայտարարություն

«Արծաթ» ՓԲԸ տնօրինության կողմից հայտարարություն

19.01.2025թ.
Ք. Երևան

Սույնով հայտարարում ենք, որ «Արծաթ» ՓԲ ընկերություն սնանկ չէ, այն ունի ակտիվների և հավաքագրման ենթակա գումարների հսկա կապիտալ և համապատասխան դրական հաշվեկշիռ։ Ներկա պահին, այո, այն հայտնված է ֆինանսական ճգնաժամի մեջ, որովհետև սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով զրկված է ֆինանսական միջոցները շրջանառելու հնարավորությունից։

Բոլորին հայտնի է, որ «Արծաթ» ՓԲԸ-ի տնօրինությունը արդեն մեկ տարի է պայքարում է հիմնարկը ներկա իրավիճակից դուրս բերելու համար։ Այսօր էլ հաստատում ենք, որ իրատեսական լուծումներ կան, և հանգուցալուծումն արդեն պարզ երևում է։ Այս պահին, միակ վտանգը, որն սպառնում է տնօրինությանը, նախագծին, հաճախորդների իրավունքներին սնանկության հայցերն են։

Սնանկության հայցեր ներկայացնողներն անցյալում հասել են ինչ որ նպատակի ընկերությանը պատճառելով վնասներ և խոշոր բարդություններ։ Հիմա սակայն, իրավիճակն այլ է, ժամանակավոր և կիսատ լուծումներն էլ ավելի են երկարացնելու և բարդացնելու գործընթացները։

Նրանք, ովքեր այս պահից սկսված կդիմեն դատարան սնանկության հայցով կրելու են ընդհանուր վնասի ամբողջ պատասխանատվությունը։ Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ ընկերությունը սնանկ չէ, իսկ նախագիծը սնանկացնելու միակ ճանապարհը սնանկության հայց ներկայացնելն է։

Սնակության դատարան հայտնվելուց ընկերությունն ստիպված է լինելու առաջնահերթ վճարել սնանկության կառավարչի հոնորարները, բանկային վարկերը, և այլն․․․։

Դիմում ենք բոլոր հաճախորդներին և նրանց իրավաբաններին. ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընթանում են կառուցողական քննարկումներ, գտնվում են լուծումներ։ Նոր հնարավոր սնանկության հայցը փակելու է լուծման հնարավոր ճանապարհները։

Զերծ մնացեք արկածախնդրությունից, պղտոր ջրում ձուկ որսալուց։ Հերթական անգամ հավաստիացնում ենք, շուտով կամբողջանա Դավթաշենի թաղամասի օտարման գործընթացը և կվերսկսվեն շինարարական աշխատանքները։

 

Հարգանքներով`

«Արծաթ» ՓԲԸ տնօրեն
Սևակ Արզարունի