image

«Որպեսզի Եթովպիայի հաջորդ սերունդը գիտնա հայության մասին».Վարդգես Նալբանդյան

«Որպեսզի Եթովպիայի  հաջորդ սերունդը գիտնա հայության մասին».Վարդգես Նալբանդյան

Վարդգես Նալբանդյանի հայրիկի հորեղբայրը՝ Գևորգ Նալբանդյանը, ով դեռ 19-րդ դարավերջին էր հրավիրվել Եթովպիա՝ ղեկավարելու հայ պատանիներից բաղկացած փողային նվագախումբը, հետագայում հեղինակեց նաև Եթովպիայի ազգային քայլերթը: Նրանից հետո Վարդգես Նալբանդյանի հայրը շարունակեց զարգացնել երաժշտության բնագավառն այս երկրում:

 

Ինքը՝ պարոն Վարդգեսը, ով այսօր հայկական ինչպես փոքր համայնքի ղեկավարը, այնպես էլ եկեղեցու սարկավագն ու պատասխանատուն է, ոչ միայն երաժշտության, այլև մոտ 100 եթովպահայերի ինքնության պահպանման խնդիրն է վերցրել իր ուսերին: Համայնքի ակումբը, եկեղեցին ու դպրոցը շարունակում են գործել, անկախ նրանից, որ դպրոցն ասենք, չունի ոչ մի աշակերտ:

 

«Պահում ենք, որովհետև հաստատությունը պետք է բաց մնա, որպեսզի եթովպիացի հաջորդ սերունդը գիտնա հայության մասին, քանի որ ժառանգ ստացած ենք մեր նախնիներեն, և ես անձամբ չեմ հավատա, որ իրավունք ունիմ մեկու մը նվիրատվությունը վաճառելու, ինչը շատ պատահեցավ վերջերս Միջին Արևելքի մեջ: Ես դեմ եմ և իմ ներկայությանս թույլ չեմ տա, որ պատահի»,-Արևելքի հետ զրույցում ասում է Նալբանդյանը:

 

Անձամբ էր վերջերս Լիբանանի Հայկազյան համալսարանում կայացած «Եգիպտոսի, Եթովպիո և Սուդանի հայերը» թեմայով գիտաժողովին ներկայացնում այս ամենը, տպավորված է վերադարձել միջոցառումից, որը նշանակալի էր հատկապես իրենց համայնքի համար: Ասում է. «Քանի որ մեր եթովպիահայության պատմությունը գրված պատմություն մը չէ և ենթակա է կորսվելու, շատ լավ առիթ մըն էր, որ այդ պահպանվի և գիրքի մեջ հրատարակվի: Հոն Եթովպիո մասին խոսողներս 4 հոգի էինք, երեքը թուղթեր ներկայացուցին, և ես խոսեցա ընդհանուր առմամբ «Հայերը Եթովպիո մեջ անցյալին և այսօր», իմս ավելի ազատ նյութ էր, մյուսները խոսեցան մասնագիտությունով: Շատ կարևոր անդրադարձ մըն էր»:

 

Ոչ միայն իր նախորդները, այլև մեծ Եթովպիայի փոքրաթիվ հայերի մեծ մասն աչքի է ընկել որևէ բնագավառում, լինի դա ոսկերչություն, ասեղնագործություն, պարտիզպանություն, մատենագրություն, առևտուր, արտաքին կապերի զարգացում,  ռազմարվեստ... Նման մի օրինակ է բերում պատմությունից՝ ասելով. «Ունինք հայեր, որ ծառայած են Եթովպիա: 500 տարիներ առաջ Մաթեոս հոգևորական դիվանագետը Եթովպիո Հելենի թագուհին ուղարկած է Պորթուգալ, որտեղեն Մաթեոս հաջողած է բերել բանակ մը, որ պայքարի Կարմիր ծովի վրա և Եթովպիո մեջ ունացած հաջողություններուն համար»:

 

Կրոնական ընդհանրությունն է հատկապես նպաստել հայերի ու եթովպիացիների բարեկամությանը, ինչի շնորհիվ այսօր այս երկիրը հայերին վերաբերում է որպես սեփական ժողովուրդներից մեկը: «Եթե փողոցը հանդիպեք եթովպացի մը, կսկսե եթովպերեն խոսիլ, որովհետև վստահ է, որ հայերը գիտեն իրենց լեզուն»,-օրինակ է բերում համայնքի ղեկավարը:

 

Այսօր առաջին խնդիրը, որ սպառնում է համայնքին, դատարկվելն է, ինչին, սակայն, համայնքի ղեկավարը չի հավատում մի համոզումով. Եթե պայքարեն նրա պահպանման համար, չի դատարկվի, Եթովպիայի նոր սերունդը պիտի ճանաչի հայերին, իսկ դա կարելի է անել մի քանի եղանակով: Դրանցից մեկն արդեն նախաձեռնել է. «Ես հավատացողը չեմ, որ համայնք մը կվերջանա, կկարծեմ, որ հայեր կմնան Եթովպիո մեջ, եթե նույնիսկ թիվը պակսի, իսկ ամենեն կարևոր գործերեն մեկը մեր հաստատությունները բաց պահելն է՝ եկեղեցին, դպրոցը, ակումբը: Եթե նույնիսկ ֆինանսական գետնի վրա տրամաբանական չէ պահելը, բայց մեր ազգային գետնի վրա, մեր շարունակականության համար, մեր պատմության համար կգտնեմ, որ շատ կարևոր է, որ բաց մնան հաստատությունները: Այսպիսով կապահովենք ապագան: Պետք է նաև ունենանք եթովպահայ պատմության թանգարան մը, և ադ ուղղությամբ որոշ աշխատանքներ կտարվին»,-հավաստիացնում է եկեղեցու սարկավագն ու պատասխանատուն:

 

Այս ամենի անհրաժեշտությունը բխում է մեկ այլ հանգամանքից ևս. Հայերի ժառանգությունը ադրբեջանցիների ու այլազգիների կողմից իրենց վերագրելու ձգտումները: Այս հակաքարոզչությանը վերջ տալու հաջորդ՝ արդեն պետական մակարդակով քայլը պետք է լինի դեսպանության հիմնումը: Ասում է. «Ադրբեջանը Եթովպիո մեջ դեսպանատուն ունի և շատ մեծ պրոպագանդման գործունեություն կտանի, ու մեր պատմության մեծ մասն իրեն վերագրած կպատմե, նույնը Վրաստանի հետ, չունենալով դեսպանատուն՝ լավ մակարդակի պայքար չենք տարած, բայց եթովպացիները լավ գիտեն հայերի դերը»:

 

Անկախ վերջին փաստից, որ եթովպիացիները լավ են ճանաչում հայկական արժեքները և կուլ չեն գնում այլազգիների յուրացման փորձերին, Վարդգես Նալբանդյանը շարունակաբար հարցը բարձրացնում է: «Երբ Հայաստան այցելած եմ, միշտ հարցը բարձրացուցած եմ, որ անհրաժեշտ է, որ Եթովպիո մեջ դեսպանություն բացվի, ոչ թե որովհետև հոն հայ կա, այլ Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանի դեսպանություններու կողքին Հայաստանի ներկայությունը կարևոր է , բայց համայնքի գործերեն դուրս է, Հայաստանի պետական գործերուն մաս կկազմե, բայց ամեն Հայաստան այցելելուս այս հարցը կբարձրացնեմ, մինչև հիմա դրական պատասխան չեմ ստացած, բայց հուսամ՝ կլուծվի»,-հավատքով շեշտում է նվիրյալ եթովպահայը: