image

Վիքիպեդիայի 25-ամյակը նշում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում․ Լուսանկարներ, տեսանյութ

Վիքիպեդիայի 25-ամյակը նշում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում․ Լուսանկարներ, տեսանյութ

2026 թվականի հունվարին լրացավ Վիքիպեդիայի՝ ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագծի հիմնադրման 25-ամյակը։

Ուղիղ 25 տարի առաջ՝ 2001 թվականին ամերիկացի համացանցային ձեռներեց Ջիմմի Ուելսը եւ ամերիկացի փիլիսոփա Լարի Սանգերը հիմնեցին Վիքիպեդիա նախագիծը, որը ներկայումս Համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն  է։ 

Աշխարհում ամենաշատ օգտագործվող տեղեկատվական հարթակներից մեկն այսօր միավորում է միլիոնավոր օգտատերերի եւ կամավոր խմբագիրների՝ ամբողջ աշխարհում։

Վիքիպեդիան գործում է կամավորության սկզբունքով․ հոդվածները ստեղծում եւ խմբագրում են օգտատերերը՝ վստահելի աղբյուրների հիման վրա։ Այսօր այն հասանելի է ավելի քան 300 լեզուներով եւ պարունակում է տասնյակ միլիոնավոր հոդվածներ։

Հայերեն Վիքիպեդիան սկսել է գործել 2004 թվականից ու կարեւոր դեր ունի հայերեն գիտելիքի թվայնացման եւ տարածման գործում։ Տարիների ընթացքում այն զարգացել է կամավոր խմբագիրների ջանքերով՝ դառնալով հայերեն ամենախոշոր հանրագիտարանային ռեսուրսը։ Այս պահի դրությամբ հասանելի է 323 հազարից ավելի հոդված։

Վիքիպեդիայի 25-ամյակը  նշում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։

«Արեւելք»-ի տեղեկություններով,  «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում այդ առիթով տեղի ունեցած միջոցառման ընթացքում ամփոփվել են մի շարք նախագծերի եւ մրցույթների արդյունքներ․ դրանք են՝ «Վիքին սիրում է հուշարձանները», Ինտերնետ հանրության հետ համատեղ իրականացված «Աշխարհը կետից հետո» նախագիծը, «10×15» խմբագրաթոնը, «25 հոդված՝ Վիքիպեդիայի 25-ամյակին» նախագիծը։

Բացի այդ, տոնական միջոցառման ընթացքում հայտարարվել են 2025 թվականի  լավագույն վիքիակումբականը, լավագույն նորեկը, լավագույն հոդվածը, լավագույն վիքիխմբագիրը։

«Առավոտը Շանթ»-ում ծրագրի ընթացքում  «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահ Արշակ Շահենյանը եւ միջազգային երիտասարդական համագործակցության պատասխանատու Մարիա Ավանեսյանը հետաքրքրիր մանրամասներ են ներկայացնում «Վիքիմեդիա Հայաստան»-ի աշխատանքից։