ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Այս մասին փետրվարի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։ Հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,- ասաց Փաշինյնաը:
Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման արդյունքներին՝ Փաշինյանը ասաց, որ ստացել են այն, ինչ ակնկալում էին։
«Մենք առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում իրականացնելու ենք համագործակցություն: Այս ամենը Խաղաղության օրակարգի արդյունքն է։ Միացյալ Նահանգների փոխնախագահը մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ-ի քաղաքական կամքը՝ աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելուն»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է Վենսի այցի տնտեսական համատեքստը․ «Այցը Հայաստանին դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում։ Շատ կարևոր է, որ ԱՄՆ ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է ՀՀ-ում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա»։
«ԱՄՆ-ն ՀՀ-ում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, ներդրումային միջավայր է ունենալու»,- ասաց Փաշինյանը։