Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

 

Երվանդ Քոչար
Հայ ժողովրդի համար անցած դարի 60-ական թվականներից սրբություն է դարձել մի նկար, որ պատկերում է Վարդան Մամիկոնյանին: Այս նկարը ամեն հայ մարդ, ուր էլ որ լինի, ճանաչում, իր սրտի ու մտքի մեջ է պահում: Բայց, ավաղ, դա ոչ մի կապ չունի ո՛չ Վարդանի, ո՛չ նրա դարի և ժամանակի սպարապետի կերպարի հետ:
Այդ նկարի պատմությունը հետևյալն է: Սանկտ Պետերբուրգում էր ապրում նշանավոր գրականագետ, պատմաբան Կարապետ Եզյանը: Մի օր, Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցի է մտնում մի ղարաբաղցի ուսանող` արտակարգ գեղեցիկ, խաժակն, գանգուր մազերով և փոքրիկ մորուքով: Եզյանը, նրա դիմագծերի մեջ գտնելով իր երազած հայ հին իշխանների և հերոսների կերպարը, ուսանողին տանում է նկարիչ Ստեփան Ներսիսյանի մոտ: Նա էլ իր գիտության և կարողության չափով գեղեցկատես բնորդից նկարում է իր Վարդան Մամիկոնյանը` սաղավարտով, թիկնոցը սեղմած կրծքին: Բայց ինչո՞ւ Վարդան Մամիկոնյանը հռոմեական սաղավարտ պիտի ունենար: Չէ՞ որ նա պարսից զորավար էր և հայոց սպարապետ, ուրեմն նա պետք է ունենար կա՛մ հայոց, կա՛մ պարսից զորավարի համազգեստ:
Պատմության մեջ կան և եղել են այդպիսի սխալներ, որոնք ժամանակի կողմից սրբագործվել են: Ուղղել այդ սխալները` նշանակում է ամենամեծ սխալը գործել` խլելով ժողովրդի սրտից այն մտապատկերը, որին նա դարերով կապված է և հավատում է: Ուստի, ես գիտակցաբար պահպանեցի թե՛ սաղավարտը, թե՛ զգեստավորությունը` չուզենալով խաթարել
ժողովրդի մեջ ամրացած Վարդանի կերպարը: