image
Հրատապ լուրեր:

Տօնոյեան հոգեբանական խոշտանգման կ՚ենթարկուի

Տօնոյեան հոգեբանական խոշտանգման կ՚ենթարկուի

ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Դաւիթ Տօնոյեանի փաստաբանական խումբը յայտարարութիւն տարածած է, որուն մէջ կ'ըսուի․ «Կը շարունակենք պնդել, որ Դաւիթ Տօնոյեանը խտրական կերպով պահւում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն աւելացել է նաեւ տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մէկ անգամ:

Աւելին, յաջորդ դատական նիստը նշանակուել է 2022 թուականի Մայիսի 2-ին: Փաստացի 3 ամիս է` դատարանը անգործութեան է մատնուած: Սա գնահատում ենք որպէս հոգեբանական խոշտանգում եւ պատժի գործադրում կալանաւորուած անձանց նկատմամբ, որի վերաբերեալ Դ. Տօնոյեանը յայտարարել է նաեւ ՀՀ Վերաքննիչ քրէական դատարանում` միաժամանակ պահանջելով հրապարակային քննութիւն:

Նիստը նախագահող դատաւոր Մնացական Յարութիւնեանի այն հարցին, թէ որն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դաւիթ Տօնոյեանը պատասխանել է` որպէսզի հանրութիւնը չտեսնի առաջադրուած մեղադրանքների սին լինելը:

Դ. Տօնոյեանը Վերաքննիչ դատարանում յայտարարել է նաեւ, որ հրթիռների ձեռքբերման վերաբերեալ ճիշդ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինուած ուժերի կարողութիւնների բարձրացմանը, որի վառ ապացոյցն է այն, որ ի հեճուկս այն յայտարարութիւններին, թէ իբր ձեռք բերուած հրթիռները չեն կիրառուել 44-օրեայ պատերազմի ժամանակ եւ ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրէական գործով ձեռք բերուած ապացոյցներով պարզուել եւ հիմնաւորուել է հակառակը:

Մէկ այլ կարեւոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ Զինուած ուժերի համալրման եւ մարտունակութեան բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկւում խնդրոյ առարկայ զինամթերքի յետագայ շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրայ արգելք է դրուած»: