Օրերս, Սրբոց Վարդանանց տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներուն մէջ մատուցուած է Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, Ս. Պատարագը մատուցուած է Ձեռամբ՝ Արժ․ Տ․ Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ նախագահութեամբ Թեմի Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի։
«Արեւելք» այս մասին տեղեկացաւ Թեհրանի Հայոց Թեմի Պաշտօնական կայքէջէն, ուր նշուած է՝
Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայոց եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը «Սուրբ Վարդանանց» Զօրավարների: «Վարդանանք» ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։
Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով հինգշաբթի, թւականիս փետրւարի 8-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սրբոց Վարդանանց եկեղեցում, Ս. Պատարագը մատուցւեց Ձեռամբ՝ Արժ․ Տ․ Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի։
Սրբազան Հայրը իր քարոզի ընթացքում Սրբ. Վարդանանց տօնին անդրադառնալով ասաց․«Վարդանանց հերոսամարտը մարդու ազատութեան, արժանապատւութեան եւ խղճի ազատութեան համար մղւած ամենասուրբ ու նւիրական մարտն է, որ երբեւիցէ տեսել է պատմութիւնը: Այո՛, Աւարայրեան հաւատամարտը հանդիսանում է մեր ժողովրդի հոգեւոր արժէքների պահպանման խորհրդանիշը: «Որովհետեւ Աւետարանն իբրեւ մեր հայրն ենք ճանաչում եւ մայրը՝ Առաքելական եկեղեցի կաթողիկէ». Այլ բառերով Վարդանանց հերոսական պայքարը խտացած է.«Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» կարճ նախադասութեան մէջ»»: Նա յաւելեց, որ Վարդանանաց հերոսները այս հասկացողութեամբ Աւարայրի դաշտ գնացին պաշտպանելու իրենց հաւատքն ու հայրենիքը եւ սա արդիւնքն էր քրիստոնէական հաւատքի, ինչը ժառանգել էին իրենց հայրերից ու եկեղեցու հայրապետներից։
Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքի միւս բաժնում ասաց, որ 451 թւականը մեր պատմութեան ամենալուսաւոր եւ ամենախորհրդանշական թւականն է, որովհետեւ այդ թւականը մեզ համար եղաւ մեր ժողովրդի գերագոյն զոհողութեան, նւիրումի թւական։ Նա նշեց.«Յաւերժական արժէքների պահպանման համար մղւած գիտակցւած պայքարը մարդուն առաջնորդում է դէպի յաւիտենականութիւն, անմահութիւն»:
Սրբազան Հայրը անդրադառնալով Հայոց արդի պատմութեանը ակնարկեց, որ Արցախը կորցնելով շատ բան կորցրեցինք, կորցրեցինք մեր հոգեւոր արժէքները եւ այդպիսով վտանգւեց մեր հայրենիքը։ Ապա յաւելեց, որ մենք Վարդան Զօրավարի ու նրա նահատակակից ընկերների ու Ղեւոնդ Երէցի ու Յովսէփ կաթողիկոսի եւ նրանց ուխտակից հոգեւորականների ժառանգորդները լինելով մոռացել ենք, որ մեր հայրենիքը կարիք ունի մեր նւիրումին, զոհողութեանը եւ միութեանն ու Քրիստոնէական հաւատքին:
Սրբազան Հայրը իր խօսքը եզրակացնելով ասաց.«Վարդանանց հերոսները այսօր մեզ պատգամում են.«Կառչեցէ՛ք ձեր եկեղեցուն, պատմութեան, մշակոյթին եւ լեզւին, որպէս պատւանդան ձեր ինքնութեան եւ գոյութեան: Որքան մօտ լինէք ձեր երեկւան, այնքան պայծառ կը լինի ձեր այսօրը եւ յուսավառ ու փայլուն ձեր վաղը: Այս օրերի Հայաստանի, թէ Սփիւռքի երկնակամարի վրայ երեւացող սեւ, մութ ամպերից չվախենաք: Հեռու վանեցէք ձեզանից թերահաւատութիւնն ու վառ յոյսով, որպէս տեսլապաշտ ժողովուրդ, նայեցէք ապագային»»:
Յաւարտ Սուրբ եւ անմահ պատարագի սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն։
Արարողութեանը նեկայ էին Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչներ՝ պարոնայք Հայրիկ Աղանեանը եւ Հայկազ Շիրւանեանը, Եկեղեցական խորհուրդը եւ հաւատացեալ ժողովուրդ: