Հայ-վրացական «կնճռի» հետքերով
Վերջին օրերի գումբուրդոյական երեւույթը մանրանկարն է արդեն քսան տարի ձգվող վրացահայկական-ջավախքյան մեծ պատկերի:
Կողմերում չկան վրացական եւ հայկական շահեր, կան այլ երեւույթներ, ինչպիսիք են՝ խաչը, մահիկը, մահակը եւ ամենակարեւորը՝ թերթիկը:
Նախ հայերի Խաչը
Ու՞մ են պատկանում Վրաստանի հայկական եկեղեցիները: Եկեղեցին, այսինքն Տիրոջ տունը, աղոթքի վայր է: Այն կոչված է մեզ բոլորիս միացնելու, մանավանդ՝ Քրիստոսի հետեւորդներին, այս դեպքում՝ հայերին եւ վրացիներին, որոնք պատիվն ունեն լինելու արեւելյան քրիստոնյա ազգերի վերջին մնացորդները: Սակայն, ահա Խաչը հանուն պոպուլիզմի եւ հետամնացության եւ նամանավանդ՝ շնորհիվ մահիկի, հայերի եւ վրացիների միջեւ դարձել է հարատեւ վեճի առարկա:
Թուրք-ադրբեջանական մահիկը
Մահիկը, այսինքն թուրք-ադրբեջանական եղբայրությունը եւ թուրքական ազգերի տարածքային շարունակականության հեռանկարները, շնորհիվ ադրբեջանական կապիտալի, անդադար քիթը «խոթում» են հայ-վրացական խնդիրների մեջ, միշտ ստվերից, եւ միշտ, բնականաբար հանուն պառակտման: Իսկ Սոքարա-Աքափեական զինանոցում օգտագործվում է առաջին հերթին մահակը:
Վրացական մահակը
Ստվերում գործող մահիկը շարժում է վրաց իշխանությունների ներսում թերեւս արմատացած գամսախուրդիա-սահակաշվիլիական թափթփուկ ազգայնականներին, որոնք, ճոխ սեղանների շուրջ, զլանալով տեսնել Վրաստանի թուրքացումն ու տնտեսության սոքարացումը, Վրաստանին սպառնացող վտանգը տեսնում են հայերի մեջ, եւ նամանավանդ Վրաստանի հեռանկարներին սպառնացող խեղճ «Հայկական Խաչի» մեջ: Այս դեպքում նրանք միանգամից եւ անհասկանալիորեն օգտագործում են տարաբնույթ միջոցներ, ինչպիսիք են վրացական Հատուկ ջոկատայիններին, հայատյաց ԶԼՄ-ներին, եւ շատ այլ խայտաբղետ միջոցներ, մեկը մյուսից ավելի ծիծաղելի:
Հայ-Վրացական բարդ հարաբերություններում կարծես քիչ չեն հայկական խաչը, ադրբեջանական մահիկն ու վրացական մահակը, կա նաեւ՝ թերթիկը:
Ընտրական թերթիկը
Ահա մոտենում են հերթական ընտրությունները, եւ Թբիլիսիից մինչեւ Ախալքալաք ահագնանում է ընտրաթերթիկների «պարը»: Ո՞վ է առաջիկայում ուտելու պետական սնդուկում Ջավախքի զարգացման համար գլորվող մի քանի ողորմելի գրոշը: Եւ ահա, մի այլ ստվերից շրջանային «գործիչներ» չեն զլանում իրենց հերթին օգտվել հայկական խաչից՝ գրգռելով վրացական մահակի եւ թուրք-ադրբեջանական մահիկի ախորժակները: Մինչեւ կանցնեն ընտրությունները, կբաշխվեն աթոռները, եւ կհանդարտվի Ջավախքը:
Արդ նման բարդ տարածաշրջանում, որտեղ կրկին անգամ եւս ցեղասպանության, ստրկացման, տեղահանման վտանգի առաջ են կանգնած ոչ միայն քրիստոնյա, այլ նաեւ փոքր բնիկ շատ ժողովուրդներ, այսպիսի իրավիճակն անթույլատրելի է:
Մանր բիզնեսմեններին, խման ազգայնականներին եւ սոքարյան հուդայական արծաթ դրամները մսխողներին չի հաջողվում ապակայունացնել ջավախքյան տարածաշրջանը, որովհետեւ դրանից է կախված ոչ միայն ջավախահայերի անդորրն ու անվտանգությունը, այլ նաեւ Հայաստանի եւ Վրաստանի պետական անվտանգության բոլոր երաշխիքները:
Հայ-վրացական համագործակցությանն այլընտրանք չկա: Միջհամայնքային եւ սահմանային ընդհարումների դեպքում Հայաստանն ու Վրաստանը չեն կարողանա հաղթահարել իրենց կայացման այս բարդ ժամանակաշրջանը: Հանրապետական Հայաստանն ու վրացական երազանքը կարողացան կայունացնել ետսահակաշվիլիական տարածաշրջանը, եւ այդ կայունությունը սկսում է տալ իր պտուղները:
Պետք է վերջ տալ խաչի, մահիկի, մահակի եւ թերթիկի ախտանիշներին եւ մեզ պարտադրվող եւ անընդհատ կրկնվող անցանկալի ցնցումներին:
Խաչը, ինչպես քվեաթերթիկը, այսինքն հավատքն ու ժողովրդավարությունը կոչված են լինել մարդկության զարգացման մեծագույն խորհրդանիշները, եւ ոչ՝ հետամնաց ու անկուշտ ստվերի խաղալիքներ: