Հարցազրույց Սևակ Արծրունիի հետ
-Պարոն Արծրունի, ինչ խոսք, դժվար օրեր ենք ապրում։ Կովիդ-19-ի հետևանքով մեր երկիրն ու ժողովուրդը հայտնվել են բավական դժվարին կացության մեջ: Խոսվում է համընդհանուր կոլապսի մասին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:
-Ես շաբաթներ առաջ այդ մասին իմ կարծիքը գրավոր հայտնել եմ, և այն, ինչ գրել եմ, արել եմ հենց այդպես՝ փոխել եմ իմ և իմ անմիջական շրջապատի կենսակերպը, և ամենակարևորը, վերանայում եմ իմ հետագա կյանքի ամբողջ տեսլականը: Պետք է փոխել ամեն ինչ մեր կյանքում, ընդհուպ վերանայել մեզանում արմատացած սովորությունները: Հարկավոր է ապրել այլ կերպ: Վերափոխել նույնիսկ հաճույքի, ժամանցի, կենցաղի տնտեսման, նույնիսկ՝ բնազդային որոշ սովորույթներ: Եվ այդ ամենը պետք է անել ոչ միայն Կովիդ-19-ի, այլ նաև մոլորակի գերբնակեցման և գլոբալ տաքացման հետևանքով մեզ սպասող մեծ ցնցումների պատճառով: Կոլապս լինելու է երկրագնդի որոշ տեղերում, սակայն, կոլապսը, հավատացեք հոգեբանական և գաղափարական գործոնների հետևան ք է լինելու: Այսինքն այն ժողովուրդները, որոնք ինքնուրույն և ինքնաբավ կլինեն և կկանխատեսեն իրենց ապագան, նրանք կօգտվեն հետհամաճարակային իրավիճակից, իսկ արևմտյան մոդելը բռնազբոսիկ կերպով շալակած թույլ հասարակությունները կփլուզվեն:
-Հայաստանը ի՞նչ պետք է անի՝ այս իրավիճակից դուրս գալու համար: Որո՞նք են գլխավոր քայլերը, և դրանց համար բավարար ներուժը ունե՞նք այսօր։
-Մեր ժողովրդի ներուժն անվերջ է, սակայն նրա ներուժի մեծ մասը ինքնաոչնչացվում է մի քանի միֆերի պատճառով: 18-րդ դարում մեր մտավորականությունը սկսեց մեր ժողովրդի դաստիարակման գործընթաց: Մխիթարյանները, բայց նաև հայկական պահպանողական քաղքենիության այլ շարժումներ Մադրասում, Փարիզում, Ղրիմում, Մոսկվայում և երկրագնդի շատ այլ քաղաքներում սկսեցին կրթել հայրենի ժողովուրդը, որը ապրում էր աղքատության ու հետադիմության մեջ ոչ միայն Հայաստանի հեռավոր գավառներում, այլ նույնիսկ Կոստանդնուպոլսի ու Թիֆլիսի նման կարևոր կենտրոններում: Նրանք երկու դար շարունակ մեր ազգը հասցրեցին զարթոնքի:
Այսօր ցավով եմ ասում, որ նույն բանն է պետք անել: Հարկավոր է հայությանը հետ բերել իրականություն, պրագմատիզմի դաշտ: Մենք տարվում ենք արդեն փուլ եկող արևմտյան արժեքներով և մեր ներուժն սպառում նրանց միֆերի հաշվին:
Ամեն կողմ միֆեր են․ Ռուսական դաշնակցից կատարյալ անկախացման, Փոքր Ասիական և օսմանյան անցյալի դրժման միֆ, ապազգային գլոբալիզմի անշրջանցելիության միֆ․․․ Այս բոլորը ոչ թե մոդեռնիզմի, այլ հետադիմականության և խավարամտության արդյունք է:
Մերոնցից շատերն անկեղծ հավատում են բաների, որոնց մասին ոչինչ չգիտեն: Նրանք պարզապես սխալ ու մակերեսային են պատկերացնում և՛ անկախությունը, և՛ գլոբալիզմը և՛ պահանջատիրությունը: Օրինակ, մենք գլոբալ ազգ ենք, թեկուզ դուդուկով, հաստ բեխերով, և եղել ենք միշտ: Հիմա ո՞վ է մեր միտքը մտցրել այն գաղափարը որ գլոբալիստ տղամարդը լինում է անպայման ականջօղով և պոչիկով: Կամ՝ ռուսատյացության այս հիստերիկ ալիքը. ես ինքս ֆրանսիական մշակույթի կրող եմ, Ռասինն ու Վոլտերն են իմ մտքի փարոսները, իսկ ռուսերեն չգիտեմ, հինգ լեզու գիտեմ, բայց ռուսերենը նրանց մեջ չէ: Սակայն հասկացել եմ, որ Ռուսաստանի հետ հայության դաշնակցումը ո՛չ մշակույթի, ո՛չ կրոնի, ո՛չ ճաշակի խնդիր է: Ռուսաստանը մեր պետության և ազգի կայացման գործում անշրջանցելի է տնտեսության և թուրքական վտանգի պատճառով: Հետո գիտե՞ք, ամեն առավոտ վեր կենալ ու ասել ես բժիշկ եմ, ես բժիշկ եմ, բավական չէ բժիշկ դառնալու համար: Բժիշկ լինելու համար հարկավոր է գնալ, ուսում ստանալ: Ուզում ենք անկախ լինել, պետք է աշխատենք այդ ուղղությամբ օր և գիշեր, ու հետո, անկախության դիրքերից վերագնահատել հայ-ռուսական համագործակցության հեռանկարները: Առասպելներով ու անգլերեն ասած wishful thinking-ով աշխարհաքաղաքականություն չես փոխի:
-Այս ամենով հանդերձ, որպես հայրենադարձ գործարար, լավատե՞ս եք մեր երկրի ապագայի հանդեպ:
-Հասարակական գործունեությունից ես նախընտրեցի անցնել գործարար դաշտ և հեռու մնալ նեղ քաղաքականությունից: Այնտեղ այս պահին կան խնդիրներ, սակայն դրանք բոլորն էլ անցողիկ են: Մեր ժողովուրդը խոհեմ է և հարկ եղած պահին ներկա և զգաստ կկանգնի պատմության առաջ:
Իրականում մենք ունենք երեք գերխնդիր՝ ձերբազատվել միֆերից և սուտ հերոսներից, կառուցել գերարդիական հզոր բանակ և ամենակարևորը՝ սկսել կայուն զարգացման հայկական մոդելի ստեղծման համահայկական գործընթաց, որն էլ այս պահին մեր գլխավոր աշխատանքն է: Այս երրորդ ուղղության մեջ հայրենադարձները մեծ դեր կարող են խաղալ, և համոզված եմ, կխաղան: