image

Սեպտեմբերէն սկսեալ Արցախի մէջ Հայաստանէն զօրակոչուած զինծառայողներ պիտի չըլլան․ Արմէն Գրիգորեան

Սեպտեմբերէն սկսեալ Արցախի մէջ Հայաստանէն զօրակոչուած զինծառայողներ պիտի չըլլան․ Արմէն Գրիգորեան

Հայաստանի անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն ընդգծած է, որ Արցախի Հանրապետութեան մէջ Հայաստանէն զօրակոչուած ժամկէտային զինծառայողներ պիտի չըլլան, սակայն աւելցուցած է, որ Լեռնային Ղարաբաղի մէջ զօրակոչիկները պիտի շարունակեն զօրակոչուիլ պաշտպանութեան բանակին մէջ ծառայելու:

Արմէն Գրիգորեանն այս մասին ըսած է «Արմէնփրէս»-ին տուած հարցազրոյցի ժամանակ, որ կը ներկայացնենք ստորեւ.

 

-Պարոն Գրիգորեան, վերջին շրջանում առաւել յաճախ են դարձել քննադատութիւններն առ այն, թէ Հայաստանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղից հանում է զօրքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան: Ինչպէ՞ս էք արձագանգում այս քննադատութիւններին:

Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնութեան են հասել ԼՂ Պաշտպանութեան բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահների տեղակայումից յետոյ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:

 

-Բայց դա չի նշանակո՞ւմ Լեռնային Ղարաբաղն իրօք անպաշտպան թողնել:

Ոչ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգութեան ապահովման գործառոյթն իրականացրել է ԼՂ Պաշտպանութեան բանակը: Եւ այս առումով որեւէ բան չի փոխւում: Չնայած՝ պէտք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգութեան երաշխիք լինի:

 

-Բայց Փառուխի դէպքերը ցոյց տուեցին, որ այդպէս չէ...

Փառուխի դէպքերը 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան եւ կիրառելի միջազգային իրաւունքի կոպիտ խախտում են: Ատրպէյճանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատւութեան գօտի: Ռուսաստանի Դաշնութիւնը մեզ հաւաստիացրել է, որ ներխուժած ատրպէյճանական ուժերը պէտք է դուրս գան այնտեղից, եւ մենք յոյս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կ'ապահովեն ապօրինի ներխուժած ատրպէյճանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատւութեան գօտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայութիւնն ինքնին վկայում է ԼՂ բնակչութեան համար իրական գոյաբանական վտանգի առկայութեան հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, եւ խաղաղապահ ուժերն առանցքային նշանակութիւն ունեն ԼՂ հայութեան անվտանգութեան երաշխաւորման գործում։

 

-Բայց ճշգրիտ լինելու համար. ԼՂ-ում Հայաստանի Զինուած ուժերի ժամկէտային զինծառայողները փոխարինւում են պայմանագրայիններո՞վ, թէ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից:

Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից յետոյ նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետութիւն: Այս գործընթացը մօտ է աւարտին եւ սեպտեմբերին կ'աւարտի: Ինչ վերաբերում է Պաշտպանութեան բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ:

 

-Այսինքն՝ հայաստանեան ժամկէտային զինծառայողներ սեպտեմբերից յետոյ չե՞ն լինելու ԼՂ-ում:

Ոչ: Բայց ԼՂ իշխանութիւններից մեր ստացած տեղեկութիւնների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զօրակոչիկները, ինչպէս նախկինում, զօրակոչուելու են ՊԲ-ում ծառայելու:

 

-Իսկ պայմանագրայիննե՞ր:

ԼՂ իշխանութիւններից մեր ստացած տեղեկութիւնների համաձայն` ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա ՊԲ-ում կը ծառայեն նաեւ պայմանագրայիններ:

 

-Նաեւ Հայաստանի՞ց:

Հայաստանից ԼՂ Պաշտպանութեան բանակ պայմանագրայիններ չեն զօրակոչւում: Ըստ անհրաժեշտութեան՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրաւում: