«Առաջիկայում «Հայրենիքի փրկութեան շարժումը» գումարելու է համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում, որով սկիզբ է դրուելու Հայաստանի վերելքի ծրագրին»։ Այս մասին 20 փետրուարին Ազատութեան հրապարակը կայացած «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքի ժամանակ իր ելոյթին մէջ ըսաւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ՝ Իշխան Սաղաթէլեան։
«Համահայկական ֆորումով մեկտեղուելու են ռեսուրսներ (միջոցներ), գաղափարներ, ծրագրեր առաջարկներ եւ ձեւակերպուելու է համահայկական նոր օրակարգ, ազգային վերածննդի ծրագիր։ Այս պահին ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրուում է»–յայտնեց Սաղաթէլեան։
Սաղաթէլեան կոչով դիմեց այն քաղաքացիներուն, որոնք իրենց ձայնը տուած են ներկայ կառավարութեան եւ անոնց, որոնք դէմ են նաեւ «նախկիններու» վերադարձին։
«Կոչ եմ անում այն քաղաքացիներին, ովքեր հոգով, սրտով մեզ հետ են, բայց տարբեր պատճառներով այս հրապարակում չեն։ Իրենք պէտք է իրենց բողոքը արտայայտեն իւրովի, իրենց հրապարակ չգալը չփորձեն արդարացնել նախկինների վերադարձով կամ ինձ, գործընկերներիս չսիրելով։ Իրենք մեզ համար չեն գալիս այս հրապարակ, իրենք գալիս են, որպէսզի միասին փրկենք մեր հայրենիքը։ Կոչ եմ ուղղում Հայաստանի Հանրապետութեան բոլոր այն քաղաքացիներին, ովքեր երկուսուկէս տարի առաջ իրենց ձայնը տուել են Նիկոլ Փաշինեանին։ Սիրելի՛ հայրենակիցներ, դուք մեղաւոր չէք, դուք չպէտք է ապրէք մեղքի զգացումով։ Նիկոլը ձեզ խաբել է , Նիկոլը ոչ միայն խաբել է շարքային քաղաքացիներին, այլեւ կուսակցութիւններին, քաղաքական գործիչներին, մտաւորականներին, զինուորականներին, գիտնականներին։ Կոչ եմ անում ՝ եկէք, կանգնէք մեր կողքին, եկէք, որ կառուցենք վաղուայ Հայաստանը»–ըսաւ Սաղաթէլեան։
Սաղաթէլեան նշեց, որ որքան ալ իրենց պահանջքը գործող իշխանութեան հրաժարականն է, բայց իրենք առաջնահերթօրէն կը կարեւորեն հայրենիքի պաշպանութիւնը եւ հզօրացումը։
«Սիրելի հայրենակիցներ մեր բոլորի գերագոյն երազանքը սրան հեռացնելը չէ։ Մեր բոլորի երազանքը հզօր Հայաստան ունենալն է։ Առաջատար գիտութեամբ զարգացած տնտեսութեամբ, ժամանակակից բանակով ազգային պետութիւն։ Մենք բոլորս միասին պէտք է հասկանանք, թէ ինչ ճանապարհով եւ որքան արագ պէտք է հեռացնենք այս իշխանութիւններին։ Մենք ունենք պատասխանատուութիւն ձեր առջեւ, ունենք պատասխանատուութիւն մեր երկրի առջեւ, եւ մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրութեան։ Մենք միասին ծրագրաւորուած յամառ, հետեւողական պայքարի արդիւնքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարութեանը եւ կառուցենք մեր երազանքների հայրենիքը»–ըսաւ Սաղաթէլեան։