Արմէն Չարչեանը կը մեղադրուի իբրեւ հոգեւորականներու հետ կապակցուած ընկերութիւններէն թանկ գինով պարագաներ գնելու մէջ: Այս մասին լրագրողներուն ըսած է փաստաբան Էրիկ Ալեքսանեանը:
«Գործի փաստական հանգամանքները վերաբերում են Իզմիրլեան Բժշկական կեդրոնի՝ 2015-2025 թուականներին, իր կարիքների համար ձեռք բերած բժշկական պարագաների ու ապրանքների՝ իբրեւ Հայաստանեաց Սուրբ Առաքելական եկեղեցու հետ կապակցուած հոգեւորականների ընկերութիւններից աւելի բարձր գնով գնելու հետ: Նշում են, որ իբրեւ ունէր հնարաւորութիւն աւելի նուազ գնով ձեռք բերելու անմիջապէս ներմուծող-արտադրող ընկերութիւնից, բայց գնել է բարձրաստիճան հոգեւորականների հետ փոխկապակցուած ընկերութիւնններից՝ դրանով առաջացնելով նրանց համար մեծ շահոյթներ, այդ թւում դրանով խուսափել են խոշոր չափերի հարկերից ու գործարքներ կատարելով լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները:
Իզմիրլեան Բժշկական կեդրոնը՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պատկանում է ու գտնւում է Մայր Աթոռի հսկողութեան տակ: Բարձրաստիճան հոգեւորականների մասին որոշակիացուած տուեալներ առկայ չեն, թուաբանական ցուցանիշի մասին չեմ կարող ասել:
Արմէն Չարչեանի նկատմամբ 2025 թուականի հոկտեմբերի 8-ին նախաձեռնուել է քրէական վարոյթ չարամտօրէն հարկերից խուսափելու ու փողերի լուացման համար: Քրէական վարոյթը նախաձեռնելուց յետոյ 4 ամիս անց որոշել են համապատասխան խուզարկութիւններ կատարել:
Հանրութեանը ուզում եմ նաեւ յայտնել, որ բացի որոշակի փաստաթղթերից, Արմէն Չարչեանի աշխատասենեակից վերցուել են նաեւ գումարներ: Խուզարկութեան որոշմամբ՝ առհասարակ նշում չկայ, որ վարոյթ իրականացնող մարմինը գումար վերցնելու իրաւասութիւն ու հնարաւորութիւն է ունեցել»,- նշած է ան:
«Իզմիրլեան»ի մէջ ընթացող խուզարկութիւնը նիկոլական ռեժիմի հերթական ճնշումն է մեր Մայր Եկեղեցւոյ դէմ․ Ռուբէն Մելիքեան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ պատկանող «Իզմիրլեան» Բժշկական կեդրոնին մէջ ընթացող խուզարկութիւնը նիկոլական ռեժիմի հերթական ճնշումն է մեր Մայր Եկեղեցւոյ դէմ, ու այն ոչ մէկ կապ ունի իրաւունքի գերակայութեան ու օրինականութեան հետ։
Գրած է փաստաբան Ռուբէն Մելիքեանը։
«Ցաւով պէտք է արձանագրեմ, որ մեր երկրում «իրաւապահ» մարմիններն ամբողջութեամբ վերածուել են իշխող քաղաքական ուժի ու անձամբ դրա ղեկավարի նեղ շահերը սպասարկող քաղաքական կառոյցների։ Այդ մարմինների աշխատանքում «իրաւունքի շահ» կոչուածը գնալով մոմի պէս հալչում է։ Այլ կերպ՝ օրէնքի ձեւական, ընթացակարգային կողմը պահում են, բայց բովանդակային, արժէքային կողմը ոչ մի կապ չունի բուն իրաւունքի հետ - փաթեթի վրայ գրուած է «կոնֆետ», բայց մէջը ինչ-որ աղտեղ բան է։ Ու դրա մասին վկայող փաստերը անթիւ-անհամար են։
Ուստի արդէն հիմա՝ անգամ Քննչականի պարզաբանումները չլսելով, կարելի է փաստել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող «Իզմիրլեան» Բժշկական կեդրունում ընթացող խուզարկութիւնը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դէմ, ու այն ոչ մի կապ չունի իրաւունքի գերակայութեան ու օրինականութեան հետ»։
Նշենք, որ Քննչական կոմիտէէն յայտնած են, որ Արմէն Չարչեանի աշխատասենեակին մէջ քրէական վարոյթի նախաքննութեան ընթացքին կատարած են քննչական գործողութիւններ։