image

Փաշինյանն ու բաց սահմանը. թուրքական ընտրությունների հայկական կողմը

Փաշինյանն ու բաց սահմանը. թուրքական ընտրությունների հայկական կողմը

Արդեն  գրել ենք  այն մասին, որ Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններն աննախադեպ են ոչ միայն քաղաքական այսրոպեական նշանակության տեսանկյունից, այլև կարող են պատմական դառնալ՝ շրջադարձային ազդեցություն ունենալով Թուրքիա պետության հետագա զարգացման ողջ ընթացքի վրա։

Թե իսկապես ինչ զարգացումներ կլինեն ընտրություններից հետո, կսկսենք հասկանալ միայն մի քանի շաբաթից, իսկ այս պահին շարունակվում է քաղաքական պայքարն ու նախընտրական թեժ քարոզչությունը, որը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն է տալիս տեսականորեն խոսել նաև անսպասելի արդյունքի մասին (իմա՝ Էրդողանի և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) պարտության)։ Հաշվի առնելով այն, որ նախընտրական քարոզարշավի բնույթը մեծապես պոպուլիստական է, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է ուզում լսել թուրքական հասարակությունը։ Այս համատեքստում պետք է, որ մեզ համար հետաքրքիր լինի հասկանալ, թե ինչ տեղ է գրավում հայկական թեման նախընտրական քարոզարշավում։ Այսօրվա սյունակս հենց դրան է նվիրված։

 

Առաջադրված խնդիրը լուծելու համար մենք դիտարկել ենք ընտրություններին առաջադրված կուսակցությունների և ընտրական դաշինքների նախընտրական պաշտոնական ծրագրերը՝ ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանի, հայերի, Ղարաբաղի, Ադրբեջանի, Կովկասի մասին հիշատակումների վրա։

 


ԱՇԿ առաջնորդ Դ. Բահչելին և ԱԶԿ առաջնորդ Ռ.Թ. Էրդողանը


Ինչպես արդեն ներկայացրել ենք մեր  նախորդ սյունակումընտրություններին մասնակցում է երկու հիմնական դաշինք՝ «Ժողովրդական դաշինքը» (Cumhur İttifakı) և «Ազգի դաշինքը» (Millet İttifakı)։  Խորհրդարանական ընտրությունների ֆավորիտ է «Ժողովրդական դաշինքը», որի մեջ մտնում է իշխող ԱԶԿ-ն և ազգայնական, ծայրահեղ աջ կողմնորոշում ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)։ Երկու կուսակցությունների ծրագրերում Հայաստանի հետ հարաբերությունների մասին ուղիղ հիշատակումներ չկան, սակայն Հայաստանին առնչվում է կուսակցությունների արտաքին քաղաքական օրակարգը Հարավային Կովկասում։ Մասնավորապես՝ ԱԶԿ-ն նշում է, որ.


-Եղբայրական Ադրբեջանի հետ շարունակելու ենք «մեկ ազգ, երկու պետություն» մոտեցման շրջանակներում ուժեղացնել տնտեսական, սոցիալական և մշակութային մեր հարաբերությունները։


 -Մեր պետությունը (Թուրքիան-Վ.Գ.) Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման շրջանակներում շարունակելու է ջանքեր գործադրել վերջ դնելու Ադրբեջանի տարածքների օկուպացիային։


-Կովկասում մեր ձևավորած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան և Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ մեխանիզմներն էլ սկսել են պտուղներ տալ։ Սպասում ենք, որ այս ուղղությամբ մեր իրականացրած առաջին քառակողմ մեխանիզմը հանդիսացող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան-Իրան մեխանիզմը ևս շոշափելի ու կառուցողական արդյունքներ կստեղծի։

 

ԱՇԿ նախընտարական ծրագիրը պնդում է, որ


-Մեր կուսակցությունը սատարում է ԵՄ հետ անդամության բանակցությունների շարունակումը այն պայմանով, որ Թուրքիայի ազգային միասնության և ամբողջականության, ահաբեկչության և անջատողականության, Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի հետ հարցերում ԵՄ-ի մոտեցումը չվնասի Թուրքիայի շահերին։


-Պետք է զարգանա էներգետիկ դիվանագիտությունը։ Հարուստ էներգետիկ աղբյուրներ ունեցող թյուրքական հանրապետությունների և առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ պետք է երկկողմ համաձայնություններ կնքվեն, այդ երկրների՝ միմյանց միջև համաձայնությունների հարցում Թուրքիան պետք է առաջնորդություն ցուցաբերի։ Այս համատեքստում պետք է ստեղծվի «Թյուրքական էներգետիկ առևտրային միությունը», որը, սկզբնավորվելով էներգետիկ ոլորտում, պետք է որպես մոդել ծառայի տնտեսության այլ ոլորտներում։

 

Ինչպես կարելի է կռահել, թե՛ ԱԶԿ, թե՛ ԱՇԿ նախընտրական հաստափոր ծրագրերը (360 էջ և 133 էջ համապատասխանաբար) գերազանցապես նվիրված են ներքաղաքական և Սիրիայում ու Իրաքում առկա խնդիրներին։ ԱԶԿ համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը այլևս օրակարգային չէ, հատկապես եթե համեմատելու լինենք ԱԶԿ 2015 թվականի հունիսյան և նոյեմբերյան ընտրությունների նախընտրական ծրագրերի հետ (դրանցում առանձին տողով նշվում էր կուսակցության՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվելիք ջանքերի մասին)։ Բայց, ինչպես արդեն սկզբում նշեցինք, այս հանգամանքը ավելի շատ խոսում է ոչ թե իշխանությունների, այլ թուրքական հասարակության մի զգալի հատվածի այսրոպեական տրամադրությունների մասին։

 

ԺՀԿ նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն

 

Ընդդիմադիր «Ազգի դաշինքը» ներկայացնող գլխավոր՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հատուկ առանձնացնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը իր արտաքին քաղաքական օրակարգում։ Ծրագրում կարելի է գտնել հետևյալ տողերը.


 -Մենք ջանալու ենք լուծել Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրները։


-Աշխատելու ենք բանակցությունների միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Արդբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։


-Երկու հասարակությունների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված Ադրբեջանի հետ մեր եղբայրական կապերը ավելի ենք ուժեղացնելու։

 

-Աշխատելու ենք Թուրքիան դարձնել Ռուսաստանի, Կովկասի և Կասպից ծովի ավազանի էներգետիկ աղբյուրների՝ դեպի Արևմուտք տեղափոխման տարանցիկ միջանցք։

 

ԺՀԿ-ն, իրականում, այս մասով գրեթե նույնությամբ կրկնել է  2015-ի իր նախընտրական ծրագրի  դրույթները։ ԺՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձրել նաև փոքրամասնությունների (խոսքը 1923 թ. Լոզանի պայմանագրով Թուրքիայում պաշտոնական կարգավիճակ ունեցող հայկական, հունական և հրեական ազգային-կրոնական համայնքների մասին է) իրավունքներին.

 

-Լոզանի պայմանագրից բխող իրավունքների շրջանակներում փոքրամասնությունների հիմնադրամների առջև ծառացած խնդիրները լուծելու համար կառուցողական քայլեր ենք անելու։


-Լուծումներ ենք գտնելու փոքրամասնությունների դպրոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար։

 

Դաշինքի ազգայնական թևի ներկայացուցիչ Մերալ Աքշեները և իր նորաստեղծ «Լավ» կուսակցությունը անսպասելիորեն չեն անդրադարձել Ադրբեջանին, փոխարենը առանձին տողով հիշատակել են փոքրամասնություններին.


-Փոքրամասնություն կամ փոքրամասնություն չհանդիսացող բոլոր կրոնական կազմակերպությունների իրավունքները ազգային և միջազգային իրավունքի շրջանակներում պետության երաշխավորության տակ ենք վերցնելու։



«Լավ» կուսակցության առաջնորդ Մ. Աքշեներ


Դաշինքի երրորդ ուժը՝ «Երջանկություն» կուսակցությունը իր ծրագրում շատ անորոշ կերպով անդրադարձել է մեր տարածաշրջանին՝ նշելով.


-Ապահովվելու է սևծովյան ավազանի երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և կազմակերպության (ՍԾՏՀ - Վ.Գ.) շրջանակներում Թուրքիայի ազդեցության մեծացումը։

 

Ընդդիմադիր դաշտում Հայաստանի մասին ամենաշատը հիշատակում են ընտրապայքարի մնացած երկու հիմնական կուսակցությունները՝ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը (ԺԺԿ) և «Հայրենիք» կուսակցությունը։ Ընդ որում՝ նրանք ունեն միմյանց բոլորովին հակառակ դիրքորոշում։ Այսպես, ԺԺԿ-ն իր նախընտարական ծրագրում նշում է, որ

 

-Հայաստանի հանդեպ կիրառվող տնտեսական էմբարգոն հանվելու է, զարգանալու են անհրաժեշտ տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները։ Մենք առանց նախապայմանների բացելու ենք Թուրքիայի կողմից միակողմանի փակված Թուրքիա-Հայաստան սահմանը։ Մենք աջակցելու ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին։

 

ԺԺԿ առաջնորդ Ս. Դեմիրթաշը

 

Հայոց ցեղասպանության ժխտման հարցում ցուցաբերած ջանքերի շնորհիվ տխրահռչակ Դողու Փերինչեքը և իր գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը ևս առաջադրվել են ընտրություններում։ Եթե դիտարկենք միայն քանակական ցուցանիշը, ապա հենց այս կուսակցությունն է իր 58 էջանոց նախընտրական ծրագրում ամենաշատը հիշատակել «հայ» և «հայկական» բառերը։ Դա պատահական չէ, քանի որ Փերինչեքը վերջին տասնամյակներում իր հանրային կերպարը կառուցել է հենց Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող մարդու անվան շուրջ։ Որպեսզի խնայեմ ձեր ժամանակը, առանձնացնեմ միայն Փերինչեքի նախընտրական ծրագրի հետևյալ դրույթը, որը շատ յուրահատուկ անդրադարձ է կատարում Հայաստանի վերջին իրադարձություններին։ Այսպես, նախընտրական ծրագրում Փերինչեքը պնդում է, որ.


-ԱՄՆ, Հայաստանում իրականացնելով նարնջագույն հեղափոխություն, իշխանական աթոռին է նստեցնել Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիան Կովկասի կողմից էլ է առնվում ճնշման տակ։

 

Կենտրոնում Դ. Փերինչեքը և Ա. Դուգինը

 

Գուցե զարմանաք Փերինչեքի նմանատիպ հայտարարության վրա։ Սակայն եթե ծանոթ եք Փերինչեքի գործողությունների՝ այսպես կոչված «ոչ-ցեղասպանական» կողմին, ապա պետք է տեղյակ լինեք, որ Փերինչեքը Թուրքիայում եվրասիականության աշխարհաքաղաքական գաղափարի գլխավոր քարոզիչներից է և մտերիմ է ռուսաստանյան այնպիսի շրջանակների հետ, որոնց ներկայացուցիչներն են Ա. Դուգինը և այլք։ Այնպես որ Փաշինյանի մասին պնդումը անուղղակի առումով արտացոլում է նաև այդ շրջանակների վերաբերմունքը հայաստանյան իրականությանը։

 

Մի քանի խոսք էլ՝ հայազգի պատգամավորների մասին։ Ինչպես հավանաբար հիշում եք, 2015 թ. ընտրությունների արդյունքում Թուրքիայի խորհրդարանում մանդատ ստացան երեք հայազգի պատգամավոր՝ Գարո Փայլանը (ԺԺԿ), Սելինե Դողանը (ԺՀԿ) և Մարգար Եսայանը (ԱԶԿ)։ Այս անգամ պատգամավորի թեկնածու են՝

 

  1. Գարո Փայլանը (ԺԺԿ)
  2. Լյուդմիլա Բյույում (ԺԺԿ)
  3. Էլմաս Գրագոսը («Լավ»)
  4. Մարգար Եսայանը (ԱԶԿ)

 


Հայազգի թեկնածուներ Է. Գրագոսը, Գ. Փայլանը, Լ. Բյույումը և Մ. Եսայանը

 

Թեկնածուներին առանձին-առանձին մենք դեռ կանդրադառնանք մեր հաջորդ սյունակում, սակայն մինչ այդ ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ԺԺԿ-ն այս անգամ Փայլանին առաջադրել է ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից։ Իսկ Փայլանը իր նախընտրական ելույթներում ընդգծում է, որ ինքը բոլոր հայերի և ամբողջ Թուրքիայի թեկնածուն է։ Սա անուղղակի ակնարկ է Թուրքիայի հարավ-արևելյան նահանագներում բնակվող և հայկական ծագում ունեցող հայերին, որոնք տեսականորեն կարող են քվեարկել Փայլանի օգտին։ Սա շատ յուրահատուկ և աննախադեպ քարոզչական հնարք է. փաստորեն Փայլանը փորձում է մոբիլիզացնել հասարակության այն շերտը, որը երբևէ չի եղել և ոչ մի քաղաքական ուժի թիրախում։ Ավելին՝ հայկական ինքնության շուրջ կառուցված քարոզչությունը, կախված իր ծավալներից, կարող է հետագայում ևս «աշխատել»՝ բոլորովին այլ խնդիրների համատեքստում։

Ընդհանրապես, ԺԺԿ-ն իր վարած նախընտրական պայքարում հատուկ տեղ է առանձնացնում հայերին։ Որպես դրա ապացույց առաջարկում եմ դիտել կուսակցության քարոզչական հոլովակներից մեկը, որը ներկայացնում է քառալեզու «Երթաք բարով» նախընտրական երգը (տե՛ս 01։44 րոպեից)։

 

 

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ Հայաստանն ու հայությունը Թուրքիայում այս պահին օրակարգային կարևորություն չեն ներկայացնում, ինչը առիթ է տալիս այլ մտորումների, որոնց կանդրադառնանք առաջիկա սյունակներից մեկում։ 

 

 

 

Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը թյուրքագետ է, սովորել է Եր...