image

«Նա իր կյանքով սովորեցրեց մեզ՝ ինչպես ապրել որպես ճշմարիտ քրիստոնյա».Գրառում Տեր Գուսանի հիշատակին

 «Նա իր կյանքով սովորեցրեց մեզ՝ ինչպես ապրել որպես ճշմարիտ քրիստոնյա».Գրառում Տեր Գուսանի հիշատակին

Նրա մեծագույն վաստակը այն էր, որ նա իր կյանքով սովորեցրեց մեզ՝ ինչպես ապրել որպես ճշմարիտ քրիստոնյա։ Նա ապրեց Տիրոջ այս խոսքի համաձայն․ «Ով որ կամենում է մեծ լինել ձեր մեջ, թող ծառա լինի ձեզ» (Մատթ․ 20,26)։ Եվ նա իսկապես ծառա եղավ՝ ոչ թե իշխանությամբ, այլ սիրով, ոչ թե խոսքերով, այլ գործով։

Գերմանիայի Հայոց թեմի քահանայից դասու հայրերէն՝ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանն գրում է՝ 

Խոր ցավով իմացա, որ երեկ վախճանվեց իմ սիրելի Տեր Գուսանը, իմ ուսուցիչն ու հոգևոր հայրը՝ այն հոգևորականը, որի հետ իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ դեռևս 1993 թ․, երբ ընտանիքով Երևանից տեղափոխվել էինք Սոֆիա։ Մեր պարտքն էր առաջին կիրակի օրը գնալ հայկական եկեղեցի։ Տատիկիս ձեռքից բռնած մտա եկեղեցի։ Մեզ դիմավորեց լուսահոգի Կիրակոսը՝ միշտ ժպտերես ու բարի մարդ։ Կանչեց քահանային, ասաց․ «Տեր Գուսան, այստեղ հայրենակիցներ են, ուզում են քեզ տեսնել»։

Երբ դուռը բացվեց, ներս մտավ Տեր Գուսանը՝ համեստ, պարզ, բայց միևնույն ժամանակ շիտակ ու քաջալերող իր ներկայությամբ։ Այդ օրվանից սկսած նա դարձավ ինձ համար օրինակելի հոգևորական։ Իր քահանայական կյանքով, իր մարդասիրությամբ ու իր անհատականությամբ նա ապացուցում էր, որ հավատքը ոչ թե միայն քարոզ է, այլև կենդանի վկայություն։

Տեր Գուսանը կարողացավ իր շուրջը հավաքել երիտասարդների, սովորեցնել նրանց Պատարագի ընթացքը, շարականները, պատրաստել դպիրական ու սարկավակական, քահանայական ծառայության։ Նա սերմանում էր սեր դեպի Աստված, եկեղեցի և հայ մշակույթ։ Նրա խորհուրդները, նրա պարզ հումորը, նրա անսահման համեստությունը, ինչպես նաև երաժշտության ու պոեզիայի հանդեպ սերը մնացին իմ սրտում ու խոր հետք թողեցին իմ կյանքի և ծառայության մեջ։

Նրա մեծագույն վաստակը այն էր, որ նա իր կյանքով սովորեցրեց մեզ՝ ինչպես ապրել որպես ճշմարիտ քրիստոնյա։ Նա ապրեց Տիրոջ այս խոսքի համաձայն․ «Ով որ կամենում է մեծ լինել ձեր մեջ, թող ծառա լինի ձեզ» (Մատթ․ 20,26)։ Եվ նա իսկապես ծառա եղավ՝ ոչ թե իշխանությամբ, այլ սիրով, ոչ թե խոսքերով, այլ գործով։

Այսօր իմ երախտապարտությունն եմ հայտնում իրեն և շնորհակալությունս Աստծուն։ Շնորհակալ եմ նրա հավատքի համար, նրա սրտի ջերմության համար, նրա նվիրական ծառայության համար։

Թող Ամենակարող Աստված նրան ընդունի Իր լույսի Արքայության և խաղաղության մեջ։ Թող նրա հիշատակը մնա օրհնված և դառնա մեզ համար օրինակ՝ հավատքի, խոնարհության և սիրո ճանապարհին։

Ցավակցություններս Ընտանիքին, իմ սիրելի Տեր Տիրայրին (Dirair Hadavian), Սոֆիայի Եկեղեցական համայնքին (Църковно Настоятелство София) և ողջ Բուլղարահայոց Թեմին։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի