image

Մեզի համար Արցախը տարածքային հարց չէ. Արարատ Միրզոյեան

Մեզի  համար Արցախը  տարածքային հարց չէ. Արարատ Միրզոյեան

Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան «Արմենփրես»ին տուած հարցազրույցին մէջ անդրադարձած է խաղաղութեան պայմանագրի 5 սկզբունքներուն, որոնք հայկական կողմին փոխանցած է Ատրպէյճանը, ներկայացուցած է անոնց վերաբերեալ հայկական կողմին դիրքորոշումը:

- Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարի կողմից երէկ հրապարակուեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցուած խաղաղութեան պայմանագրի 5 սկզբունքները: Արդեօ՞ք հէնց դա է Հայաստանին փոխանցուած փաստաթուղթը:

- Այո՛, Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցուած առաջարկները: Ի դէպ, ուշագրաւ է, որ Փետրուարի 21-ով թուագրուած նամակը հայկական կողմին փոխանցուել է միայն Մարտի 10-ին:

 

- Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշեալ առաջարկների վերաբերեալ:

- Նախ կարեւոր է ընդգծել, որ խաղաղութեան պայմանագրի շուրջ իւրաքանչիւր բանակցութիւն պիտի ընթանայ առանց նախապայմանների:

Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էութեան, դեռեւս 1991 թուականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «անկախ պետութիւնների համագործակցութեան ստեղծման մասինէ համաձայնագիրը, արդէն իսկ ճանաչել են միմեանց տարածքային ամբողջականութիւնը եւ ընդունել են, որ չունեն միմեանց նկատմամբ տարածքային պահանջներ:

Հարկ է նկատել նաեւ, որ առաջարկում նշուած կէտերն ամբողջութեամբ չեն արտացոլում առկայ խնդիրների ողջ օրակարգը: Հայկական կողմի համար սկզբունքային եւ հիմնարար է, որ յստակ երաշխաւորուեն արցախահայութեան իրաւունքները եւ ազատութիւնները, վերջնականապէս յստակեցուի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ՝ իրաւունքների:

Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ատրպէյճանական առաջարկին` համահունչ նշուած դիրքորոշմանը:

 

- Ատրպէյճանի կողմից հնչեցուած առաջարկներում անդրադարձ է կատարւում նաեւ երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ինչպէս նաեւ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցուածքների ապաշրջափակմանը: Ինչպէ՞ս են ընթանում այս գործընթացները:

Մենք համարում ենք, որ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի, 2021 թուականի Յունուարի 11-ի եւ 2021 թուականի Նոյեմբերի 26-ի եռակողմ յայտարարութիւններով ամրագրուած պայմանաւորուածութիւնները պէտք է լիարժէք կեանքի կոչուեն, եւ մենք շարունակում ենք հետեւողական լինել այս ուղղութեամբ: Ինչպէս գիտէք, մենք նոյնիսկ հանդէս ենք եկել այդ պայմանաւորուածութիւնները կեանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպէս օրինակ զօրքերի հայելային հետքաշմամբ եւ միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ատրպէյճանական կողմը մերժել է:

 

- Ի՞նչ ձեւաչափում էք տեսնում խաղաղութեան պայմանագրի շուրջ հնարաւոր բանակցութիւնները:

- Աւելի վաղ արդէն իսկ ՀՀ ԱԳՆ-ն յայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեանը` կազմակերպելու խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւններ` հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրութիւնը, Քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների միջազգային դաշնագիրը եւ Հելսինքեան եզրափակիչ ակտը: