image

ՄԱԿ-ի մէջ ՀՀ ներկայացուցիչն ընդգծած է Լիբանանի մէջ խաղաղապահներու եւ քրիստոնէական համայնքներու պաշտպանութեան կարեւորութիւնը

ՄԱԿ-ի մէջ ՀՀ ներկայացուցիչն ընդգծած է Լիբանանի մէջ խաղաղապահներու եւ քրիստոնէական համայնքներու պաշտպանութեան կարեւորութիւնը

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթով հանդես է եկել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով Բահրեյնի նախագահությամբ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ուրվագծելով հայաստանյան կողմի մոտեցումները Միջին Արևելքի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։

Մեծ անհանգստությամբ նշվել է, որ Հայաստանի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած ռազմական էսկալացիան հանգեցրել է մարդկային զոհերի, քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման և համաշխարհային մշակութային ժառանգության ճանաչված կոթողների վնասման։

Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ ղեկավարությունը սերտ կապի մեջ է եղել պատերազմի ազդեցությունը կրող պետությունների կառավարությունների հետ և հայաստանյան կողմի ուղերձը հստակ է՝ բոլոր հարցերի հասցեագրման միակ ճանապարհը դիվանագիտությունն է և բանակցությունները։

Ժիրայր Անանյանն առանձնանշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունել է ռազմական գործողությունները դադարեցնելու և դե-էսկալացիայի ուղղությամբ շարժվելու Իրանի և Միացյալ Նահանգների որոշումը՝ հավելելով, որ պետք է իրական հնարավորություն տալ դիվանագիտությանը՝ առկա բոլոր հարցերը կարգավորելու և Միջին Արևելքում խաղաղությունը պահպանելու համար։

Միևնույն ժամանակ, խորն անհանգստություն հայտնելով Լիբանանում հումանիտար իրադրության կապակցությամբ՝ ընդգծվել է քրիստոնեական համայնքների անվտանգության և բոլոր իրավունքների երաշխավորման կարևորությունը։ 

Կողմերին նաև կոչ է արվել ձեռնարկել բոլոր քայլերը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելության /UNIFIL/ անձնակազմի և տեղակայման վայրերի անվտանգության ապահովման նպատակով՝ շեշտելով, որ Լիբանանում խաղաղապահ անձնակազմի վրա հարձակումների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։