Երկու օր առաջ մահացել է Հալեպի հնագույն հյուրանոցներից մեկի՝ «Բարոնի» սեփականատերը՝ Արմեն Մազլումյանը: Լուրն «Արևելքի» հետ զրույցում հաստատեց նրա բժիշկը՝ Գրիգոր Դարաքջյանը, նշելով, որ Արմեն Մազլումյանը հիվանդ էր և վերջին տարիներին գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Հայ հայտնի պանդոկատերը ամուսնացած չէր, նրա խնամքով զբաղվում էր իր 30 տարիների ընկերուհին՝ Ռուբինա Թաշճյանը, ով էլ կազմակերպել է Մազլումյանի հուղարկավորությունը: Հյուրանոցը, որտեղ Սիրիայի պատերազմի տարիներին գիշերում էր Արմեն Մազլումյանը, պատերազմի պատճառով անգործության էր մատնվել: Հալեպի՝ երբեմնի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ Բարոնի փառքը մարել էր Սիրիայի պատերազմի պատճառով:
1911 թվականին հիմնված հյուրանոցը տասնամյակներ շարունակ եղել է Հալեպ այցելող զբոսաշրջիկների և նշանավոր մարդկանց ուշադրության կենտրոնում: Այստեղ են իջևանել քաղաքական գործիչներ, երկրի ղեկավարներ: Հայերի հիմնած նշանավոր հյուրանոցում են գիշերել Շառլ դը Գոլը, Քեմալ Աթաթուրքը, Եգիպտոսի նախկին նախագահ Գամալ Աբդել Նասերը, Իրաքի ու Սիրիայի Ֆայսալ առաջին թագավորը, մեծահարուստ Դեյվիդ Ռոքֆելերը, ամերիկացի պատմաբան ու քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը, Յուրի Գագարինը, Սիրիայի նախագահները, այլ նշանավոր մարդիկ` Հալեպ իրենց այցերի ժամանակ: