89 տարեկանում կյանքից հեռացել է սփյուռքահայ դիզայներ, նկարչուհի Շուշան Դեվլեթյան-Էգոյանը: Նրա մահվան մասին «Արեւելքը» տեղեկացավ հարազատներից: Նկարչուհին կանադահայ նշանավոր ռեժիսոր Ատոմ Էգոյանի մայրն է: Շուշան Էգոյանը Ծնվել է Կահիրեում, 1933-ին: Նկարչություն է սովորել եգիպտահայ նշանավոր նկարիչ Աշոտ Զորյանի մոտ: Նկարիչ էր նաեւ Ատոմ Էգոյանի հայրը՝ Հովսեփը, որը մահացել է տարիներ առաջ: Կահիրեում նրանք կահույքի բիզնես ունեին, որը կոչվում էր «Ego Arts»: Քաղաքական իրադարձությունների պատճառով Էգոյանները 1963-ին Կահիրեից տեղափոխվել են Արեւմտյան Կանադա եւ բնակություն հաստատել Բրիտանական Կոլումբիայի վարչական կենտրոնում՝ Վիկտորիա քաղաքում։ Այնտեղ նրանք շարունակել են իրենց կահույքի բիզնեսը՝ ստեղծելով նոր «Ego Interiors» ընկերությունը: Իրենց ազգանունը անգլերենին համահունչ դարձնելու նպատակով նրանք Եղոյանը (Yeghoyan) դարձրել են Էգոյան (Еgoyan): Վիկտորիայում նրանք միակ հայկական ընտանիքն էին: Էգոյանները նաեւ դուստր ունեն՝ դաշնակահարուհի Եւա Էգոյանը: Շուշան Էգոյանը պրոֆեսիոնալ նկարչուհի էր, նրա աշխատանքները գտնվում են մշտական հավաքածուներում, Հայաստանի պետական պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում: Այս գարնանը նկարչուհին պետք է պարգեւատրվեր Victoria Visual Arts Legacy Society-ի կողմից: Նրա վերջին անհատական ցուցահանդեսը եղել է The Winchester Gallery-ում:
Շուշան Էգոյան «Ինքնանկար»