Օրերս մահացել է ամերիկահայ արվեստագետ, քանդակագործ Չարլի Խաչատուրյանը: Չարլի Խաչատուրեանը մեծ ներդրում է ունեցել նաեւ հայաստանյան ժամանակակից արվեստի զարգացման գործում, երբ անկախությունից հետո Հայաստանում հիմնել է առաջին մասնավոր պատկերասրահը: Իբրեւ կայացած արվեստագետ Չառլի Խաչատուրյանը հայաստանյան արվեստի դաշտ է մտել դեռեւս խորհրդային տարիներին, երբ արտասահմանից գալով Հայաստան, 1980-ականներին մասնակցել է իջեւանյան քանդակի սիմպոզիումներին: Մի որոշ շրջան Չարլի Խաչատուրյանը բնակվել է Հայաստանում, ստեղծագործել հայաստանյան միջավայրում եւ ինքն էլ, ժամանակակից արվեստագետների հետ հայրենիքում ստեղծել արվեստի միջավայր: Արվեստագետն աշխատում էր հողով եւ այլ նյութերով, ուներ իր ուրույն ոճը:
Չառլի Խաչատուրյանը ծնվել է Նյու-Յորքում, մասնագիտական կրթություն է ստացել ծննդավայրում եւ Լոս-Անջելեսում, ձեռք բերելով MFA (արվեստների մագիստրոսի) բարձրագույն վկայական: Մինչեւ քանդակագործությունը զբաղվել է նաեւ լուսանկարչությամբ:
Լուսանկարը՝ Արեգ Բալայանի