Արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը համաձայն չէ այն դիտարկումներուն հետ, որ Սուրիա հայկական զօրախումբ ուղարկելը արկածախնդրութիւն է վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմէ:
«Նախկին իշխանութիւնների վարած քաղաքական գիծը ես համարում եմ ինֆորմացիոն հիսթերիա. ես Թեhրան եմ գնացել, մարդիկ հարցնում են՝ ձեր մօտ ի՞նչ է կատարւում: Շատ դիւանագէտներ ասացին, որ ձեր ներքին ընդդիմութեան վարած գիծը ոչ մի բանով չի տարբերւում ատրպէյճանական հակահայկական քաղաքականութիւնից»,- ըսած է ան:
Յիշեցնենք, որ 8 փետրուարին մարդասիրական ականազերծողներէ, բժիշկներէ եւ անոնց անմիջական անվտանգութիւնը ապահովող հայ մասնագէտներէ բաղկացած խումբը (ընդհանուր 83 անձ) ժամանած է Սուրիոյ Արաբական Հանրապետութիւն (ք. Հալէպ)՝ Սուրիոյ ժողովուրդին մարդասիրական մասնագիտական օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով:
«Դա հումանիտար զօրք է, եւ բախման ժամանակ նրանք ոչինչ չունեն անելու: Ես առաջիններից մէկն էի, որ այն ժամանակ ասացի՝ դա իրենից վտանգ պարունակում է, բայց հիմա իրադրութիւն է փոխուել: Նախ եւ առաջ՝ ԱՄՆ-ն դրան շատ նորմալ է նայում իր ամբողջ ռազմական քաղաքականութեան ենթաթեքստում: Վստահ եմ, որ Պոլթընի՝ ՀՀ այցի ժամանակ այս հարցին անդրադարձ է եղել: Պոլթընը դա շատ նորմալ ընկալեց, մանաւանդ որ զօրքը հանում են այնտեղից: Համենայնդէպս, ոչ մի պատժամիջոցների հետ կապուած մօտեցում նրանց կողմից չկայ: Յետոյ, եթէ մենք Ռուսաստանի հետ ունենք որոշակի խնդիրներ, ապա ես գտնում եմ, որ սա լաւ քայլ է»,- նկատած է Արման Նաւասարդեանը:
Անոր կարծիքով՝ 83 հոգինոց զօրախումբը, մեծ հաշուով, չի կրնար հայկական համայնքի համար մեծ քայլեր ընել, բայց, իհարկէ, որոշակի օգնութիւն կը կարողանայ տրամադրել:
«Դա չի նշանակում, որ նրանք հայ համայնքը կը փրկեն կործանումից, բայց ինքնին ներկայութիւնը լաւ ժեստ է: Սա զուտ քաղաքական որոշում է, մեր ներկայութիւնը այնտեղ՝ դրօշի տակ, կարծում եմ, շատ դրական կը լինի»,- ըսած է դեսպանը: