image

ՀՀ նախագահը հանդիպել է սիրիահայերի հետ. Լուսանկարներ

ՀՀ նախագահը հանդիպել է սիրիահայերի հետ. Լուսանկարներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են վերջերս Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները եւ առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները, ինչպես նաեւ համայնքին հուզող մի շարք խնդիրներ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ Ջորջ Բարսեղյանը, հանձնաժողովի այլ անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, գործարարներ:

Ոչ պաշտոնական, անմիջական զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը եւս մեկ անգամ իր խորին ցավակցություն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի, վիրավորների եւ հսկայական ավերածությունների պատճառ է դարձել:

«Դժբախտության ժամանակ պարտավոր ենք միմյանց օգնել: Մենք ամենօրյա շփումների մեջ ենք Սիրիայի մեր գործընկերների հետ եւ մեր ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեղմել ձեր ցավը:

Ուզում եմ մեկ անգամ եւս ցավակցել Սիրիայի ժողովրդին: Ամենակարեւորն այն է, որ ձեր մեջ ուժը չպակասի, հույսը չկորչի»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:

 

Սիրիահայերը բարձր են գնահատել այդ դժվարին օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Հայաստանը եւս մեկ անգամ ապացուցել է, որ Սիրիայի լավագույն բարեկամներից մեկն է եւ կանգնել է Սիրիայի կողքին: Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի սովորական քաղաքացիները դիմել են իրենց՝ Սիրիային օգնության ձեռք մեկնելու ցանկությամբ:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան մոտ ապագայում կկարողանա դժվարությունները հաղթահարել եւ ոտքի կանգնել եւ շեշտել իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել սիրիահայ համայնքի խնդիրների հաղթահարմանը եւ լավագույն ավանդույթներ ունեցող հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների խորացմանը: