Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կրկին Արցախում է Երեւանի «Արաբկիր» բուժհաստատության նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը:
Խորհրդատվությունները կիրականացվեն հուլիսի 3-ից 7-ը ներառյալ:
Դեպի Հայաստանի տանող ճանապարհի փակման պատճառով Արցախի առողջապահական կյանքը դեռեւս լարված վիճակում է:
Երեկ՝ հուլիսի 3-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Նախատեսվում էր երեկ օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արեւիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում։