«Հրապարակ» թերթը կը գրէ. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարութեանն օրերս վերադարձել է հիւրախաղերից, նա տեւական ժամանակ Միացեալ Նահանգներում էր։ Նրա մերձաւորներից մէկը պատմեց, որ ակտիւ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրութիւններին մասնակցելու համար: Թէեւ դեռ յստակ չէ, թէ որ կուսակցութեամբ է մասնակցելու, գուցէ նորն է գրանցելու, սակայն արդէն թիմ է հաւաքում:
Մեզ երկու անուն տուեցին, որոնք կարող են ընդգրկուել Մարութեանի գլխաւորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը» աւագանու նախկին անդամներ են`մէկը յայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարեանն է, միւսը՝ Էռնեստ Աւանեսովը, ով պարբերաբար քննադատում է Տիգրան Աւինեանին։ Անցած տարեվերջին, օրինակ, «Սուրմալուի» փլատակների մօտ նկարուած Աւինեանին նա խորհուրդ էր տուել․ «Ինչո՞ւ չէք գնում Լաչինի միջանցք, լենտեր կտրում կամ յայտարարում, որ քաղաքապետի թեկնածուն էք»։
Երէկ, սակայն, Աւանեսովն ասաց, որ քննարկում չի ունեցել Մարութեանի հետ, նրա հետ վերջին անգամ շփուել է քաղաքապետութեան շրջանում, սակայն չբացառեց, որ կարող է յայտնուել Մարութեանի ցուցակում»: