image

Հայազգի թեկնածուներ՝ Նիդերլանդների համայնքային ավագանու ընտրություններում

Հայազգի թեկնածուներ՝ Նիդերլանդների համայնքային ավագանու ընտրություններում

Մարտի 18-ը Նիդերլանդներում նշանակված է տեղական իշխանությունների ընտրությունների օր:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շարունակում է ակտիվորեն աջակցել հայկական ծագումով անձանց ներգրավվածությանը՝ նիդերլանդական քաղաքական կյանքում։

Այս անգամ՝ համայնքային խորհուրդների ընտրությունների նախաշեմին FAON-ը հանդիպում էր կազմակերպել Հաագայում։ Հաագայի «Աբովյան» միության շենքում կայացել է ջերմ հանդիպում-ծանոթություն՝ հայկական արմատներով մի քանի թեկնածուների հետ։ 

Մասնակիցները տարբեր կուսակցություններից են և ունեն տարբեր փորձառություններ։ 

Լուսինե Բախշյան՝ ներկայիս խորհրդական (zittend raadslid),

Դավիթ Սարգսյան՝ չորս տարվա փորձառությամբ, որպես հանձնաժողովի անդամ (commissielid),

Արշակ Մազլումյան՝ (ցավոք՝ բացակայում էր) արդեն դարձել է իր կուսակցության ցուցակի առաջին համարը (lijsttrekker),

Լիլիթ Զելտցբուրգ՝ ունի քաղաքական փորձառություն, բայց դեռ խորհրդական չի եղել,

Սոնա Սերոբյան՝ ընդամենը ութ տարի է՝ ապրում է Նիդերլանդներում, սակայն իր եռանդով և էներգիայով որոշել է ներգրավվել քաղաքականության մեջ։

Զրույցի ընթացքում թեկնածուները կիսվել են իրենց ծագման և հայկական արմատների մասին։ Ընդհանուր թելը մեկն էր՝ բոլորն էլ ցանկանում են ակտիվորեն ներդրում ունենալ նիդերլանդական հասարակության զարգացման գործում, ինտեգրվել և նպաստել այն երկրին, որը դարձել է իրենց երկրորդ հայրենիքը։

Ինչպես նախորդ ընտրություններում (օրինակ՝ 2018 և 2022 թթ.), FAON-ը հրապարակում է տեղեկատվական պաստառներ, որտեղ նշված են այն համայնքները, որտեղ ընտրական ցուցակներում առկա են հայկական ծագումով թեկնածուներ։ Այս տեղեկատվությունը քվեարկության ուղղորդում չէ, այլ միայն օգնում է համայնքին՝ իմանալ, թե որտեղ կարող են քվեարկել հայազգի թեկնածուների օգտին (ներառյալ voorkeursstem-ը՝ նախընտրական ձայնը)։

Maastricht քաղաքի քաղաքային խորհրդի ընտրություններին այս տարի մասնակցում է նաև հայազգի թեկնածու՝ Նվարդ Զաքարյանը։ Նա առաջադրված է Christen-Democratisch Appèl (CDA) կուսակցությունից և ընդգրկված է 22-րդ համարի ներքո։

Նվարդ Զաքարյանը մասնագիտությամբ իրավաբան է՝ սոցիալական ապահովության և աշխատանքային իրավունքի ոլորտում։ Իր մասնագիտական փորձը նա նպատակ ունի օգտագործել բնակիչների սոցիալական պաշտպանության, աշխատանքային հնարավորությունների ընդլայնման և հասանելի իրավաբանական աջակցության ապահովման համար։

Նիդերլանդներում համայնքային ընտրությունները կարևոր դեր ունեն տեղական քաղաքականության ձևավորման գործում։ Քաղաքային խորհուրդներն ընդունում են որոշումներ բնակարանային քաղաքականության, սոցիալական ապահովության, զբաղվածության, կրթության և համայնքային զարգացման ոլորտներում։

Նվարդ Զաքարյանի գործունեության կարևոր ուղղություններից է նաև տարբեր համայնքների միջև համագործակցության խթանումը և տեղական իշխանությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։

Աղբյուրը՝ «Նիդերլանդական օրագիր»