image

Հայ կաթոլիկ համայնքի գործունեությունը

Հայ կաթոլիկ համայնքի գործունեությունը

1915 թ. Հայ կաթոլիկ նվիրապետության Մարդինի թեմը` 22.000 հավատացյալներով, ենթարկվում է տեղահանության, իսկ թեմի առաջնորդ գերապայծառ Իգնատիոս Մալոյանը` 12 հոգևորականների հետ ձերբակալվում և աքսորի ճանապարհին սպանվում է: Դեռևս 1847 թ. Կ.Պոլսում հիմնված Անարատ հղության հայ քույրերի միաբանութունը նույնպես կորուստներ է կրում 1915 թվականին: Միաբանության վերապրած անդամները, շարունակելով իրենց գործունեությունը, իրականացնում են որբախնամ աշխատանքներ: 1918 թ. նրանք ստանձնում են Հռոմի պապի առաքելական պատվիրակ Անջելո Դոլչիի կողմից Կ.Պոլսի Շիշլի թաղամասում բացված որբանոցի 100 որբերի խնամքը: Որբանոցը կրել է Բենեդիկտոս XV պապի անունը՝ լինելով Վենետիկի հովանավորության ներքո: 1919 թ. որբանոցի սաները տեղափոխվում են Գալաթա` ավստրիական Սուրբ Ժորժ վարժարան: 1920 թ. նոյեմբերից Դոլչիի միջնորդությամբ Մխիթարյան միաբանությունը ստանձնում է Գալաթայի որբանոցի տնօրենությունը` տեղափոխելով այն Գատըգյուղ: Հայր Հակոբ Տիրոյանը ստանձնում է որբանոցի ղեկավարությունը, որը գործել է Հայր Խորեն Սինանյանի և Հայր Եփրեմ Աբրահամյանի աջակցությամբ: Կաթոլիկ միաբանության աջակցությամբ Բերայի Սուրբ Աննա որբանոցում ապաստանում է 190 որբ: Որբանոց է բացվում նաև Սամաթիայում` 400 որբուհիների համար, որոնք 1922 թ. դեկտեմբերին փոխադրվել են Իտալիա։ Պիոս XI Պապը Կանտոլֆոյի իր ամառանոցը տրամադրում է հայ որբերին կեցության համար։

Կաթոլիկ մեկ այլ կենտրոնում` Լիբանանի Զմմառի վանքում և հարակից շինություններում, ապաստանում են Դյորթ Յոլի և Մերսինի որբերի մի մասը, մյուս մասն էլ հաստատվում է Աշքութ վանքում: Հետագայում որբերը տեղափոխվում են Բեյրութ, որտեղ Հայր Պողոս Արիսը` Բեյրութի Հայ ազգային միության քարտուղարը, աշխատանքներ է տանում նրանց տեղավորման ուղղությամբ: Հալեպի Հայ ազգային միության ատենապետ Գաբրիել Գասպարը 1916 թ. հիմնում է երկու աշխատանոց, մասնակցում հայրենակցական միությունների որբահավաք աշխատանքներին, 1921 թ. կազմակերպում Այնթապի հայերի տեղափոխումը Հալեպ: Կաթոլիկ համայնքը որբանոցներ է հիմնել նաև Հալեպում և Դամասկոսում: Հալեպում գործել են Սամսոնյան քույրերի, Անարատ Հղության, Սուրբ Օդրի որբանոցները: Հալեպի Թիլելի Հայ կաթողիկե վարժարանը ցեղասպանության տարիներին հայ գաղթականների համար վերածվել էր պատսպարանի ու հիվանդանոցի: Հայ կաթոլիկ համայնքն իր ներկայացուցիչներն է ունեցել Ազգային խնամատարություն, Միջագետքի Հայ տարագրելոց, Հայ ազգային միություն և այլ կազմակերպությունների կազմում:



Նարինե Մարգարյան


ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.

 


Պոլսի Մխիթարյան որբանոցի սկաուտական խումբը, 1922 թ.

Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածու

 


Սամսոնի որբանոցի սաներն իրենց մայրիկների հետ

Էպլիղաթեան Մ., Ազգային խնամատարութիւն. ընդհանուր տեղեկագիր, Անթիլիաս, 1985

 

Անարատ հղության Քույրերի Սամաթիայի Սուրբ Աննա որբանոցի սաները

Էպլիղաթեան Մ., Ազգային խնամատարութիւն. ընդհանուր տեղեկագիր, Անթիլիաս, 1985

 


Կիլիկիայի հայ կաթողիկե պատրիարք Պողոս-Պետրոս ԺԳ Թերզյանը որբերի հետ

 Զմմառեանք ի սփյուռս աշխարհի, № 27, Զմմառ, 2016