«Արեւելք»,-Նիդեռլանդների Մաստրիխտ քաղաքի հայ համայնքն օրերս տոնեց իր պատմական ձեռքբերումը՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սեփականաշնորհման ավարտը, տեղեկանում ենք համայնքի ղեկավարությունից։
Մաստրիխտի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցին որպես սեփականություն այսուհետ պատկանում է համայնքին:
Այս իրադարձությունը մեծապես կարևոր է հայ համայնքի համար, այն ոչ միայն նոր հոգևոր կենտրոնի հիմնադրում է խորհրդանշում, այլև հայ մշակույթի, ինքնության և հավատքի ամրապնդման կարևոր մի քայլ է՝ Նիդեռլանդների հարավում։
Այսօր Սուրբ Կարապետ եկեղեցին հայ համայնքի հոգևոր կյանքում առանցքային վայր է, ծառայում իբրև աղոթքի տաճար, համախմբման կենտրոն և տեղ, որտեղ հավատացյալները կարող են զգալ իրենց ազգային և կրոնական կապերը։ Եկեղեցին հստակորեն միավորում է համայնքի անդամներին՝ թույլ տալով պահպանել իրենց լեզուն, ավանդույթներն ու նախնիների հավատքը, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։
Համայնքի ղեկավարությունը կոչ է անում բոլոր հայերին՝ մասնակցել եկեղեցու հոգևոր կյանքին՝ իրենց աջակցությունը ցուցաբերելով աղոթքով, ներկայությամբ և նվիրատվություններով։
Սուրբ Կարապետ եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 26֊ին՝ Ֆրանսիայի հայոց թեմի արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանի ձեռամբ։ Սուրբ Կարապետ եկեղեցին Լիմբուրգ նահանգի միակ հայկական եկեղեցին է։
Սուրբ Կարապետ անունը ընտրել է Ամստերդամի նախկին եպիսկոպոս, ռումինացի Տաթև եպիսկոպոս Մուրադյանը:
2023 թվականին լրացել է Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10-ամյակը։ Այդ առիթով մատուցվել Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի դեսպան Վատիկանում, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ: Այնտեղ տարբեր եկեղեցական եւ այլ առիթներով մատուցվում է պատարագ, որ համախմբում է տարածքի հայերին։