image
Հրատապ լուրեր:

Պորտոյի Հայ համայնքի հոգևոր վերածնունդը․ առաջին սուրբ պատարագը

 Պորտոյի Հայ համայնքի հոգևոր վերածնունդը․ առաջին սուրբ պատարագը

Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Պորտո քաղաքում փոքրաթիվ, սակայն աշխույժ և գործուն հայ համայնք կա։ Հայյերի մեծ մասն այնտեղ է գնացել, Հայաստանից, իսկ մյուսները՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից։ Համայնքի անդամների մեջ կան գիտնականներ, իրավաբաններ, երաժիշտներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ինչպես նաև սրճարանների ու ձեռնարկությունների տերեր։ Յուրաքանչյուրն իր ներդրումն է բերում քաղաքի կյանքին՝ ինտեգրվելով պորտուգալական հասարակության մեջ։

Սակայն, ինչպես տեղեկանում ենք, այսօր Պորտոյի հայերի առջև կանգնած է առավել կարևոր մի առաքելություն․ միավորվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո, հիմնել ամուր համայնք, պահել սուրբ հավատքը, հայրենի լեզուն ու մշակույթը և դրանք փոխանցել մատաղ սերունդներին։

Հայոց ներկայությունը Պորտոյում առնչվում է Միրագայա հնավանդ թաղամասի հետ։ Կոստանդնուպոլսի անկումից հետո (1453 թ.) հայ վաճառականները ապաստան գտան այստեղ՝ իրենց հետ բերելով Սուրբ Պանտալեիմոնի՝ քրիստոնյա բժշկի և նահատակ սրբի մասունքները։ Տասնյակ սերունդներ շարունակ Սուրբ Պանտալեիմոնը համարվում էր քաղաքի երկնային բարեխոսը։ Նրա սուրբ աջը պահվեց Սուրբ Պետրոսի Միրագայա եկեղեցում, իսկ մասունքների մի մասը փոխադրվեց Պորտոյի մայր տաճար (Sé do Porto)։

Հայոց ներկայության հիշատակը պահպանվում է նաև «Rua Arménia» փողոցում, որտեղ ժամանակին բնակվում էին Արևելյան Հայաստանից եկած գաղթականները։ Այս փողոցը դարձավ խորհրդանիշ հայերի ներկայության և վկայություն այն բանի, որ համայնքը իր խորունկ հետքն է թողել քաղաքի պատմության ու մշակույթի մեջ։

Արեւմտյան Եւրոպայում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակությունւց տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 21-ին, Խաչվերացի տոնի առթիվ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և Պորտուգալիա այցելու հովիվ Տ. Թորոս քահանա Եսայանի ձեռամբ, Սուրբ Պետրոսի Միրագայա եկեղեցում մատուցվեցլ է Պորտոյի առաջին Սրբազան և Անմահ Պատարագը։

Օրն առանձնահատուկ և խորհրդանշական է եղել համայնքի համար․ պատարագը համախմբել է հավատացյալ հայորդիներին ու վերահաստատել Պորտոյի Հայ համայնքի հոգևոր ինքնությունը՝ բացելով նոր էջ՝ նրա պատմության մեջ։