Գերիներու հետ կապուած հարցը բանակցային սեղանին պէտք է ըլլայ մշտական եւ այդ ուղղութեամբ իշխանութիւնները պէտք է համապատասխան աշխատանք տանին`այդ հարցը բարձրացնելով եւ երկկողմ բանակցութիւններուն մէջ եւ նաեւ միջազգային հարթակներու վրայ: Այս մասին Ազգային Ժողովէն ներս լրագրողներու հետ զրոյցին ըսած է «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը:
«Կարծում եմ, որ եթէ նոյնիսկ գաղտնի աշխատանք է տարւում, այդ գաղտնի աշխատանքը չպէտք է բացառի հրապարակային աշխատանքին, որը որ պէտք է երեւայ, և ՀՀ-ում իշխանութիւնները պէտք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ:
Անընդհատ զիջելն Ադրբեջանին ոչ մի լաւ տեղ չի տանելու: Մենք անընդհատ բարձրացնում ենք այն հարցը, որ Ադրբեջանում մեր ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք օրինական ընտրուել են Արցախի ինքնորոշման ժամանակ եւ նաեւ հետագայում Արցախի Հանրապետութեան ամբողջ գործունէութեան ընթացքում: Նրանց նկատմամբ ուղղակի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերւում, կեղծ դատավարութիւն է իրականացւում, իսկ այդ դատավարութեամբ դատում են ոչ միայն նշուած անձանց, այլ նաեւ՝ Արցախի ինքնորոշման իրաւունքը եւ մեղադրանքի սլաքներն ամբողջութեամբ ուղղում են դէպի ՀՀ:
Այս պարագայում այն իշխանութիւնը, որը որ ունի ամենամեծ լծակներն այդ ուղղութեամբ աշխատելու, եւ երբ որ սլաքներն ուղղում են իրենց ուղղութեամբ, եթէ այդ ամէնը պէտք է կուլ տայ նման է նրան, որ այս 44-օրեայ պատերազմի պարտութիւնից յետոյ անընդհատ ՀՀ իշխանութիւնները գնում են զիջումների, գտնւում են պարտադրանքի, ճնշումների ներքոյ եւ մէկ օր դրա դէմը պէտք է առնել: Իսկ դրա արդիւնաւէտ ճանապարհն այն է, որ պարտուած իշխանութիւնները պէտք է շուտուանից հեռանային եւ այսօր էլ դա իրենք պէտք է զգան:
Մեր շահերից է բխում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները կեղծ դատավարութեան մասնակից չլինեն եւ նրանք չդատապարտուեն այն բանի համար, որ իրենք Արցախի ինքնորոշման գաղափարը պաշտպանել են եւ ստանձնել են այդ պաշտպանութեան ղեկավարութիւնը եւ տարիներ ի վեր Արցախը պահպանել են որպէս հայկական»,-ըսած է Օհանեանը: