image

Երիտասարդների բարեխօս Սուրբ Սարգիս զօրավարի յիշատակութեան օր

Երիտասարդների բարեխօս Սուրբ Սարգիս զօրավարի յիշատակութեան օր

Ամենայն Հայոց Գարեգին Բ. հայրապետի տնօրինութեամբ Ս. Սարգիս զօրավարի տոնը հռչակուել է Երիտասարդների օրհնութեան օր: Ս. Սարգիս զօրավարն ամենասիրուած սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակուել է յանուն քրիստոնէական հաւատքի: Արիութեան համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կ'ասյէր (285-337) կողմից կարգւում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտուելով կայսեր յօժարութիւնից` իր իշխանութեան տակ գտնուող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհեանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնէութիւնը: Երբ Յուլիանոս Ուրացողի թագաւորութեան օրօք (360-363) սկսւում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստուածային յայտնութեամբ հրաման առնելով հեռանալ կայսրութեան սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնեայ Հայաստանում, ուր թագաւորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Յուլիանոսը մեծ զօրքով շարժւում է Պարսկաստանի վրայ, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել յարձակման վտանգից, յորդորում է Սարգսին ծառայութեան անցնել Շապուհի մօտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զօրագնդերի հրամանատար: Զօրականներից շատերը, տեսնելով փայլուն զօրավարի բարեպաշտութիւնն ու վարքով վկայած նուիրումն առ Աստուած, իր աղօթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարւում էին հեթանոսութիւնից եւ դառնում քրիստոնեայ: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զօրավարն անմիջապէս մերժում է` ասելով. «երկրպագելի է մէկ Աստուած` Ամենասուրբ Երրորդութիւնը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնէ աստուածներ չեն, հողեղէն մարդը դրանք կարող է փչացնելէ: Այդ խօսքերից յետոյ Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը յարձակւում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրայ: Առաջինը նահատակութեան պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկւում է եւ աներեր մնալով իր հաւատքի մէջ` գլխատւում: Նահատակուելուց յետոյ Ս. Սարգսի մարմնի վրայ լոյս է ծագում: Քրիստոնէական հաւատքի համար նահատակւում են նաեւ Ս. Սարգսին հաւատարիմ տասնչորս զինուորները: Հաւատացեալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրուած սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զօրավարի տոնը Հայաստանում ընդունուած է նշել ոչ միայն եկեղեցական ծէսով, աղօթքով, այլեւ ժողովրդական սովորոյթներով, որը մեզանում նուիրական աւանդութիւն է: Ս. Սարգիս զօրավարը երիտասարդների արագահաս բարեխօսն է: Նրա միջնորդութեամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղօթքները հասցնի առ Աստուած:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազայայտնութիւնը: Այդ օրուայ յիշատակելի սովորութիւններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զօրավարի ձիու պայտի հետքին: Ըստ աւանդոյթի` Ս. Սարգիսը պէտք է հրեշտակների ուղեկցութեամբ անցնի, եւ ում մատուցարանի մէջ դրուած ալիւրի կամ փոխինդի մէջ թողնի մաքրութիւն, անաղարտութիւն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կ'իրականանայ տուեալ հաւատացեալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիւ միմեանց բացիկներ եւ քաղցրաւենիք են նուիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զօրավարի անունը կրող եկեղեցիներում մատուցւում է Սուրբ Պատարագ, որից յետոյ կատարւում է երիտասարդների օրհնութեան կարգ: