image

ԵՄ փորձագէտները Հայաստան են՝ գնահատելու վիզաներու ազատականացման ուղղութեամբ առաջընթացը

ԵՄ փորձագէտները Հայաստան են՝ գնահատելու վիզաներու ազատականացման ուղղութեամբ առաջընթացը

Այսօր մեկնարկել է ԵՄ փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան, որի նպատակն է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը. այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարության միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Առաջին այցը տեղի էր ունեցել փետրվարի 10-14-ը:

Այսօր հրավիրված ասուլիսին նա նշել է, որ կենսաչափական համակարգի ներդրումը վիզաների ազատականացման գործընթացի առանցքային պահանջներից մեկն է:

«Վիզաների ազատականացման գործընթացում կենսաչափական համակարգի ներդրումն ուղիղ պահանջ է եվրոպացի գործընկերների կողմից: Հայաստանի համար սա դարձել է թիրախային ուղղություն, որը կապահովի քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը»,- ասել է Դավթյանը։

2026-ի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ Կենսաչափական անձնագրերի արտադրությունը կիրականացնի IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Առաջիկա ամսվա ընթացքում պետությունը պայմանագիր կկնքի մասնավոր այս ընկերության հետ։ Այս ընկերության առաջատար անդամը ֆրանսիական է։

«Որակ-գին հարաբերակցության ձևաչափով է անցել մրցույթը, ընդ որում որակի մասնաբաժինը 70 տոկոս է ընդհանուր գնահատականի մեջ, իսկ գնի մասնաբաժինը 30 տոկոս է: Մենք առաջինը ամփոփեցինք որակի հատվածը, և նվազագույն շեմը հաղթահարեցին երկու հայտատու: Դրանից հետո միայն բացվեցին երկու հայտատուների գնային առաջարկները և ունենք այս պատկերը»,- ասել է Դավթյանը:

Նելլի Դավթյանը նշել է, որ կենսաչափական համակարգի ներդրումը Հայաստանին ներկայացվող ամենաբարդ պահանջներից մեկն է, և Հայաստանը դրա իրականացման որոշակի փուլում է այժմ: Հունիսին կներկայացվի գործողությունների ծրագիրը, որից հետո Հայաստանը տարեկան զեկույց կներկայացնի իր առաջընթացի մասին: Բոլոր պահանջները բավարարելուց հետո երկիրը կստանա ազատ վիզային ռեժիմ:

Միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետի խոսքով՝ ներկայում Հայաստանը չունի բիոմետրիկ համակարգ, ինչի պատճառով բնակչության պետական ռեգիստրում բացակայում են անձի ինքնության շուրջ վերիֆիկացված տվյալներ: Նոր ծրագիրը կենսաչափական փաստաթուղթ ունեցող ցանկացած անձի հնարավորություն կտա արժանապատիվ ճամփորդել:

«Մեկ-երկու ամսից գործարկվելու է սահմանների կառավարման նոր համակարգը, որը պետությունների միջև կենսաչափական տվյալների փոխանակման հնարավորություն է տալիս: Սրա նպատակն է նվազագույնի հասցնել սահմանային անցակետերում անձին պատճառվող անհարմարությունները՝ հնարավորություն տալով պարզապես սքանավորել կենսաչափական փաստաթուղթը և շարունակել ճանապարհը: Եթե անձը չունենա կենսաչափական փաստաթուղթ, ապա ստիպված կլինի տեղում հանձնել իր կենսաչափական տվյալները»,- ասել է Դավթյանը:

Անդրադառնալով այն մտավախություններին, թե կենսաչափական անձնագրերի թողարկումը տրամադրելով մասնավոր ընկերությանը, անձի անձնական տվյալների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, Դավթյանը նշել է՝ ամբողջ իրավական դաշտը ենթակա է վերանայման:

«Անձի իրավական ինքնության պաշտպանության և տվյալների գողության կանխարգելման նպատակով մի քանի անգամ բարձրացվելու է ենթակառուցվածքի պաշտպանության մակարդակը՝ հասցնելով այն միջազգային ստանդարտների»,- ասել է Դավթյանը: