image

Եգիպտահայը Հայաստան է բերել հոր վերարկուն, որ Մարաշից գաղթի ճամբով հասել էր Եգիպտոս

Եգիպտահայը Հայաստան է բերել հոր վերարկուն, որ Մարաշից գաղթի ճամբով հասել էր Եգիպտոս

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկանում ենք, որ եգիպտահայ Երվանդ Կանիմյանը օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել իր հոր վերարկուն: Հայրը՝ Էֆլաթոն Կանիմյանն այս վերարկուն կրել է Մարաշից մինչև Եգիպտոս գաղթի ճանապարհին: 

Էֆլաթոն Կանիմյանը մեծ ընտանիքի՝ Հովհաննես Կանիմյանի և Մարիամ Չալեյանի յոթերորդ զավակն էր, ծնվել էր Մարաշում՝ 1900 թ. օգոստոսի 16-ին: 

1920 թ. սկզբին, երբ ֆրանսիական զորքերը լքում էին Մարաշը Էֆլաթոն Կանիմյանը գաղտնի միանալով նրանց՝ հեռացել է հայրենի քաղաքից: Ցուրտ եղանակային պայմաններին դիմակայելու համար՝ Մարիամը՝ Էֆլաթոնի մայրը, իրենց տան կարպետը վերաձևել է վերարկուի և տվել որդուն: Ֆրանսիական զորքերի հեռանալուց հետո քեմալականները մտնում են Մարաշ, հայերը դիմում են ինքնապաշտպանության և շուրջ 20 օր կենաց ու մահվան կռիվ են տալիս: Երիտասարդ Էֆլաթոնը փրկվեց վերահաս մահվանից՝ նախապես փախուստի դիմելով: Էֆլաթոն Կանիմյանը Եգիպտոս գաղթելուց հետո ամուսնանում է Ազնիվ Օրջանյանի հետ և ունենում են հինգ երեխա: Էֆլաթոն Կանիմյանը մահացել է 1985թ.:

Մարաշը (Գերմանիկե) գտնվում է Լեռնային Կիլիկիայում՝ Ադանայից մոտ 60 կմ հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում, այժմյան Թուրքիայում: Մարաշ անունը հայտնի է հին ժամանակներից: Այն Կիլիկիայի հայաշատ ու հարուստ քաղաքներից էր: Դեռևս խաչակրաց արշավանքների շրջանում (XI-XIII դարեր) Մարաշում և նրա շրջակայքում հայերը բնակչության գերակշռող տարրն էին։ XVI դարում Մարաշն անցել է Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ: Ժամանակակից Մարաշը հիմնադրվել է XVII դարում: Հայոց ցեղասպանությունից առաջ Մարաշն ուներ շուրջ 40,000 հայ բնակչություն, ովքեր հիմնականում զբաղվում էին առևտրով, արհեստով, երկրագործությամբ:

Մարաշցիների, ինչպես նաև ողջ արևմտահայության նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից գործադրված բռնաճնշումներն ու հայահալած քաղաքականությունը սաստկացավ հատկապես XIX դարի II կեսից: 1895թ. նոյեմբերի 5-ին (17 նոր տոմարով) թուրքական կառավարության կողմից կազմակերպված ջարդը, որ մարաշցիների մոտ հայտնի է «Մեծ կոտորած» անունով, խլեց շուրջ 1000 հայի կյանք:

Մարաշի հայության տարագրությունը սկսվում է 1915թ. հուլիսի 25-ին (օգոստոսի 7) հիմնականում դեպի Սիրիա: Նրանցից շատերը կոտորվեցին գաղթի ճանապարհին կազմակերպված ջարդերի ժամանակ:

1918թ.Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը դուրս բերվեցին Կիլիկիայից, շուրջ 25,000 մարաշցիներ, ովքեր 1915թ. քաղաքից տարագրվել ու հրաշքով ողջ էին մնացել, վերադարձան իրենց հայրենի քաղաք:

Օգտվելով դաշնակիցների միջև առաջ եկած հակասություններից՝ Օսմանյան Թուրքիայի արևելքում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ հետզհետե թափ հավաքող ազգայնական շարժումը սկսեց նպատակաուղղված բռնություններ կիրառել հայ բնակչության դեմ՝ փորձելով կանխել նրանց վերադարձը: 

1920թ. հունվարի 21-ին քեմալական զորքերը հանկարծակի հարձակումով զգալի կորուստներ են պատճառում քաղաքում ամրացած ֆրանսիական կայազորին: 1920թ. քեմալականներին հաջողվեց պայմանավորվել ֆրանսիացիների հետ, որոնք իրենց զորքերը դուրս հանեցին Կիլիկիայից: Ֆրանսիական հրամանատարության անորոշ դիրքորոշումը ստիպում է հայ բնակչությանը խիստ անհավասար պայմաններում դիմել ինքնապաշտպանության: Ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերն, այլևս անկարող լինելով դիմակայել թուրքական գերակշիռ ուժերին, ստիպված են լինում հանձնվել թուրքերին:

Շուրջ 20 օր տևած գոյամարտը հայ ժողովրդի պայքարելու վճռականության ապացույցն էր:

Փրկված մարաշցիների պատառիկները ապաստան գտան Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Եվրոպայում, Պաղեստինում, Եգիպտոսում, Հրավային Ամերիկայում, ԱՄՆ-ում

Մարաշցիները իրենց հայրենակիցներին նյութական ու բարոյական օժանդակություն ցույց տալու համար 1924թ. հիմնում են Մարաշի Հայրենակցական Միությունը:

Երևանի արևելյան կողմում հիմնադրված ավանը, որտեղ բնակություն են հաստատել ներգաղթած մարաշցիները, ի պատիվ Մարաշի, անվանվել է Նոր Մարաշ: