image

Այսօր Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է

Այսօր Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է

Հիսուս Քրիստոս Իր հրաշափառ Հարությունից հիսուն օր անց, հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, առաքյալների վրա առաքեց խոստացած Պարգևը` Սուրբ Հոգին: 

Դա տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին աղոթելու։ 

Ահա թե ինչպես է այն նկարագրված Գործք Առաքելոցում (2:1-21). «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եւ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս»:

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:

Սուրբ Հոգու զորությամբ գոտեպնդված Պետրոս առաքյալը սկսեց առաջին քրիստոնեական քարոզը. հավաքված բազմության առջև ու այդ օրը շուրջ 3000 հոգի մկրտվելով միացան նորակազմ եկեղեցուն: 

Սուրբ Հոգու գալստյան տոնը, ըստ երանելի Օգոստինոսի, հաստատվել է դեռևս առաքյալների օրոք, և ամենավաղ ժամանակներից ի վեր հանդիսավորապես նշվել բոլոր եկեղեցիների կողմից Սբ․ Հարության տոնից 50 օր հետո:

Սկզբնական շրջանում տոնակատարման ընթացքը 3 օր էր ու կոչվում էր նաև Տոն Երրորդության: Սակայն Ներսես Շնորհալի հայրապետի (12-րդ դար) կարգադրությամբ Հոգեգալուստը յոթօրյա տոն եղավ՝ յոթնյակն էլ պահք հռչակելով:

Այս տոնով Հայ եկեղեցում ավարտվում է Հինանց շրջանը:

 

Հոգեգալուստի շարականը՝ տեսանյութում․